Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին:

ՔԿ-ն մանրամասնում է՝ զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի գետնատնակում՝ կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

«Դեպքի առթիվ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել