Բան Կի Մունը կոչ է արել ազատ արձակել Մուհամադ Մուրսիին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Եգիպտոսի զինվորականներին կոչ է արել ազատ արձակել հուլիսի սկզբին պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին և իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման ձերբակալված առաջնորդներին կամ անմիջապես քննել նրանց գործերը դատարանում, հաղորդում է BBC-ն։

Հուլիսի 26-ին Եգիպտոսում պետք է տեղի ունենան Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների զանգվածային նոր ցույցեր։

Զինվորականները զգուշացրել են, որ պատրաստ են ուժ կիրառել «բռնության և ահաբեկչական գործունեության կանխման համար»։

Հուլիսի 25-ի երեկոյան զինվորականները «Մուսուլման եղբայներ» շարժման անդամներին ներկայացրել են վերջնագիր՝ 48 ժամվա ընթացքում նրանք պետք է «միանան քաղաքական վերափոխումների գործընթացին», այսինքն՝ հրաժարվեն ցույցերից և գործադուլներից։ Եթե մինչև վերջնագրի ժամկետի լրանալը (հուլիսի 27-ի կեսօր) զինվորական հրամանատարության պահանջները չկատարվեն, զինվորականները խոստանում են «փոխել պայքարի մեթոդները», թեև չեն հստակեցնում, թե կոնկրետ ինչ նկատի ունեն։

Ավելի վաղ Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատարը երկրի բնակչությանը կոչ էր արել դուրս գալ ցույցի՝ զինված ուժերին «պոտենցիալ ահաբեկչության» դեմ պայքարի ժողովրդական մանդատ տալու համար։

«Մուսուլման եղբայրների» (որի անդամ է նաև պաշտոնանկ արված նախագահը) առաջնորդ Մուհամադ Բադին իր հերթին շարժման համախոներին կոչ է անում ցույց անել այնքան ժամանակ, քանի դեռ զինվորականները իշխանությունը չեն վերադարձնի Մուհամադ Մուրսիին։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի ուշ գիշեր Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրեց երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին, ժամանակավորապես առկախեց Սահմանադրության գործողությունը և երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին հանձնարարեց անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները։

Մուհամադ Մուրսին հուլիսի 3-ին պաշտոնանկ արվելուց հետո զինվորականների կողմից պահվում է գաղտնի վայրում։

Մեկնաբանել