Ուկրաինան մասամբ փակում է սահմանը Ռուսաստանի հետ

Ուկրաինայի կառավարությունը հունիսի 5-ին որոշում է ընդունել մասմաբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։

Նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրությունում ասված է, որ երթևեկությունը դադարեցվելու է Լուգանսկի և Դոնեցկի մարզերի միանգամից մի քանի անցակետերով։

Ինչպես պարզաբանում են կառավարությունում, այս միջոցառումները ձեռնարկվում են՝ «ելնելով հանրային անվտանգության պատկերացումներից և առանձին տարածքներում ընթացող վտանգավոր իրադարձությունների հետևանքով բնակչության կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգները կանխելու նպատակով»։

Լուգանսկի մարզում ընդհանուր փակվել է յոթ հսկիչ անցակետ, Դոնեցկի մարզում՝ մեկ։

Ռուսական կողմը տեղեկացվել է ընդունված որոշման մասին։

Ուկրաինայի արևելքում լարված իրադրություն է՝ սկսած այս տարվա ապրիլի սկզբից, երբ ռուսամետ ակտիվիստները կառավարական շենքեր գրավեցին Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում։ Ռուսամետ տրամադրություններ ունեցող ցուցարարները պահանջում էին դաշնայնացում և անգամ՝ Ռուսաստանին միացում։ Ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ երկրի արևելքում՝ Դոնեցկի մարզի հյուսիսում, հակաահաբեկչական գործողություն է սկսվել։ Լուգանսկի մարզում հակաահաբեկչական գործողությունն իրականացվում է մայիսի կեսից։

Մայիսի 12-ին Դոնեցկում ռուսամետ ակտիվիստների առաջնորդները, հիմք ընդունելով մայիսի 11-ին պետական ինքնուրույնության հարցով անցկացված հանրաքվեների արդյունքները, ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» հռչակեցին «ինքնիշխան պետություն» և Ռուսաստանին խնդրեցին այն ընդգրկել իր կազմում։

Լուգանսկում ռուսամետ ակտիվիստների առաջնորդներն իրենց հերթին հայտարարեցին անկախության հռչակման մասին։

Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում Ուկրաինայի արևելքում լարվածությունը սրելու համար։

Ռուսաստանը նշում է, որ Ուկրաինայի արևելքում կատարվող իրադարձությունների հետ որևէ կապ չունի։

Մեկնաբանել