Առանց կատալիզատորի մեքենաների շահագործողները կտուգանվեն

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է e-draft-ում։ Նախատեսվում է փոփոխություն իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ կատալիզատորների արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ներառյալ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում և այս պատճառով մեքենաների սեփականատերերը կատալիզատորները վաճառում են։ Առանց այդ սարքավորման շահագործվող մեքենաներից արտանետումները սահմանված չափանիշներից բարձր են և ինչպես նախարարությունն է նշել, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը ՀՀ-ում սկսել է կրել զանգվածային բնույթ։

Նախագծով առաջարկվում է 300 հազար դրամի չափով տուգանել մեքենաների սեփականատեր-ֆիզիկական անձանց, եթե նրանց մեքենան ներմուծված է այս տարվա հունվարի 1-ից հետո և շահագործվում է առանց կատալիզատորների։ 500 հազար դրամի չափով էլ կտուգանվեն առանց չեզոքացուցիչների շահագործվող իրավաբանական անձանց մեքենաները։ Եթե խախտումը կրկնվի, ապա նախատեսվում է տուգանքի չափը կրկնապատկել։

Մեկնաբանել