Քանյե Վեսթը մտադիր է դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահը․ նա դեմ է պատվաստանյութերին և հղիության արհեստական ընդհատմանը

Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը հայտնել է, որ առաջադրում է իր թեկնածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահական ընտրություններում։

Քանյե Վեսթին աջակցություն են հայտնել կինը՝ Քիմ Քարդաշյանը, և «Տեսլա» ընկերության, տիեզերագնացության SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Վերջինս Քանյեի գրառման տակ գրել է․ «Ես լիովին աջակցում եմ քեզ»։

Ռեփերը Forbes ամսագրին հարցազրույց է տվել և ներկայացրել մանրամասներ ընտրարշավի, որդեգրելիք քաղաքականության մասին, նշել, որ այլևս չի աջակցում գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նախորդ ընտրություններում Քանյե Վեսթը սատարել էր Թրամփին։

Վեսթը նշել է, որ դեմ է պատվաստանյութերին և հղիության արհեստական ընդհատումներին։ Նա ընտրարշավին մասնակցելու է The Birthday Party արշավով, կարգախոսը՝ Yes (Այո)։

Քանյե Վեսթը հայտարարել է նաև, որ պայքարելու է բռնության դեմ, դպրոցներ է վերադարձնելու «սերն ու վախը առ Աստված», ինչպես նաև Իլոն Մասկին նշանակելու է Ամերիկայի տիեզերական ծրագրի ղեկավար։

Forbes-ին տված հարցազրույցում խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքական ուղեգծի մասին՝ Վեսթն ասել է․ «Դեռ չեմ մշակել։ Առաջին հերթին մտածում եմ այն մասին, որ պաշտպանեմ Ամերիկան մեր հզոր բանակի օգնությամբ։ Եկեք նախ մտածենք մեր մասին»։

Քանյե Վեսթի առաջադրմանն արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատելով, որ ռեփերն այն պետք է դիտարկի որպես փորձնական ընտրարշավ։ Թրամփն ասել է․ «Նա միշտ մեզ հետ կլինի, և նրա կինը միշտ մեզ հետ կլինի:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020-ի նոյեմբերի 3-ին։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել