ՍԴ դատավորի պաշտոնում կառավարությունը նոր թեկնածու ունի

Կառավարությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։ Որոշումը արդեն հրապարակվել է պաշտոնական աղբյուրում։

Շաթիրյանը «Իմ քայլի» թեկնածուն էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նա ընտրվեց նոյեմբերին, առաջադրվեց նաև հանձնաժողովի նախագահի պաշտոնում, սակայն հանձնաժողովի անդամների միջև տեղի ունեցած քննարկմամբ այդ պաշտոնը զբաղեցրեց Հայկուhի Հարությունյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից էր առաջադրվել։ Այնուհետև Շաթիրյանը հրաժարվեց հանձնաժողովում իր պաշտոնավարումից։

40-ամյա Շաթիրյանը մինչ այդ զբաղեցրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 18-ին հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։

ՍԴ դատավորի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել