Մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել․ այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ»,- ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ:

«Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են»,- նշել է նա։

«Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ»,- ասել է Հովհաննիսյանը։

Մեկնաբանել