Ինչո՞ւ Արցախն արտգործնախարար չունի

Եթե մի երկրում գրեթե քսան տարի է՝ գոյություն ունի արտաքին գործերի նախարարություն, ապա ենթադրելի է, որ այնտեղ պետք է լինեն բարձրաստիճան, փորձառու դիվանագետներ, որոնք էլ այս կամ այն պահին կարող են զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը:

Ի վերջո, այս երկիրը նաև արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններ ունի, այդ ներկայացուցչությունները ղեկավարող դիվանագետներ, որոնք նույնպես կարող են հավակնել նախարարի քաղաքական պաշտոնին: Այդ դեպքում ինչո՞ւ է մինչ այսօր նախարարի պաշտոնը թափուր:

Այս հարցի պատասխանն իմանալու համար պետք է փոքր-ինչ կարողանալ պատկերացնել միջանձնային փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու վրա ազդող գործոնների դերը: Իսկ դրանց մեջ ո՛չ աշխարհաքաղաքականություն փնտրեք, ո՛չ քաղաքական տրամաբանություն, ո՛չ էլ հակամարտության կարգավորման շուրջ ակտիվացում:

Դրանք դուրս են արցախյան տրամաբանությունից: Այստեղ կարևոր դեր են խաղում ներքին ինտրիգները, փողոցային խոսակցությունների, տարբեր բանսարկությունների հիման վրա ընդունվող որոշումները:

2010թ. մայիսի վերջին Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Գայանե Ափինյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս կապակցությամբ որևէ պաշտոնական պատճառաբանություն չեղավ: Ներքին աղբյուրները խոսում էին Գայանեի չափից դուրս ակտիվության և նախկին նախարար Գեորգի Պետրոսյանի հետ ոչ այնքան լավ հարաբերությունների մասին:

Ու դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, որին ազատելուց հետո պետք է գոնե վարչության պետ, փոխնախարար կամ նախարարի խորհրդական նշանակեին ԱԳՆ կենտրոնական համակարգում, որտեղ նա կարող էր օգտակար լինել իր գիտելիքներով, փորձով, կապերով, շատ հեշտությամբ դուրս է մղվում ամեն ինչից:

Չնայած նորմալ ռոտացիան էլ փրկություն չէ: Նեղ, ինտրիգային համակարգն այսպես թե այնպես ոչնչացնելու է գործչին: Այսպես եղավ ԱՄՆ-ում Արցախի նախկին ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի հետ, որը 2008թ. նշանակվեց արտգործնախարարի տեղակալ, երկար ժամանակ համարվում էր արտգործնախարարի պոտենցիալ թեկնածու, իսկ 2011թ. հունվարին պարզապես ազատվեց աշխատանքից ու նշանակվեց նախագահի խորհրդական (Արցախում (և ոչ միայն) նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին սովորաբար նշանակում են նախագահի խորհրդական):

Սրանք ընդամենը երկու օրինակ էին Բակո Սահակյանի նախագահության օրոք պաշտոնավարած, բարձր դիվանագիտական պաշտոններ զբաղեցրած գործիչների հետ կատարվածից: Սակայն նույն կերպ ինտրիգային համակարգն աշխատում է նաև բոլոր մակարդակներում՝ ոչնչացնելով հավանական բոլոր թեկնածուներին:

Այս նեղ գավառական գործելակերպն աստիճանաբար թուլացնում է երկիրը՝ տարբեր համակարգեր բերելով հնազանդ, նախաձեռնողականությունից զուրկ, վախկոտ անձանց:

Իրականում, հիմնական նպատակն էլ սա է: Ի վերջո, այս ֆոնին ավելի հեշտ է իշխել:

Մեկնաբանել