Ներդրումների փնտրտուքում

Ըստ Արսեն Ղազարյանի՝ այսօրվա դրությամբ հայաստանյան ընկերությունները նախատեսում են Վրաստանում ավելի մեծ ներդրումներ ունենալ, սակայն մի նախապայմանով՝ այդ ձեռնարկությունները իրենց հիմնական կապիտալը, ինչպես նաև մենեջմենթը պետք է պահեն Հայաստանում։ «Եվ ինչու չէ, Վրաստանի միջոցով այլ շուկաներում ներկայացված լինելու հնարավորություն կտրվի։

Գերակա ուղղություն էլ չկա, թե, ասենք, որ ոլորտում են վրացիները կամ հայերը գերադասում ներդնել իրենց կապիտալը: ՏՏ ոլորտում մեկ քայլ առաջ լինելը հայկական կողմին պարտավորեցնում է օգնել վրացի գործընկերներին՝ առաջընթաց արձանագրելու համար»,– ասել է Ղազարյանը:

Նա նշել է, որ Հայաստանը խիստ կարևորում է հարևան երկրի հետ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացումը, քանի որ Վրաստանը «ամենակայուն, ամենաերաշխավորված ու վստահելի գործընկերն է»:

«Տարիները ցույց տվեցին, որ շուկան համաչափ է զարգանում, իսկ զարգացումը շահավետ է երկուսի համար», – ասել է նա՝ հավելելով, թե երկու երկրների միջև ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները բավականին զարգացած ու բարձր մակարդակի վրա են, աճում են առևտրաշրջանառությունը, ներդրումների ծավալը: «Բայց գտնում ենք, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն հնարավորություն է՛լ ավելի զարգացնելու տնտեսական հարաբերությունները, ավելի շատ ներդրումներ կատարեն»,– ասել է ՀԱԳՄ նախագահը:

Վիճակագրություն

Պաշտոնական վիճակագրության տվյալները վկայում են, որ հայկական կապիտալը ավելի շատ է արտահոսել Վրաստան, քան վրացականը՝ Հայաստան։ Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ անկախացումից ի վեր Վրաստանից Հայաստան կատարվել են $22,2 հազ-ի ուղղակի ներդրումներ։ Հարևան հանրապետությունից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարվել է երկու անգամ ավելի քիչ ներդրում, քան, օրինակ, Նիգերիայից ($50 հազ.)։

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանից Վրաստանում կատարվել են $485 հազ-ի ուղղակի ներդրումներ։ Ինչ վերաբերում է երկու երկրների առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա տասը ամիսներին այդ ցուցանիշը կազմել է $99,6 մլն, որից $50 մլն-ը Հայաստանից արտահանումն է, իսկ $49,6 մլն-ը՝ ներկրումը։ 

Մեկնաբանել