Հայաստանում ինձ շատ բան է զարմացրել. Ջոն Հեֆերն

-Պարոն դեսպան, 2012թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գործում ԱՄՆ-ի դեսպանությունն ի՞նչ դերակատարություն կունենա:

-Հայաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, և մենք աշխատում ենք բոլոր կուսակցությունների, կառավարության, քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ: Աշխատում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են նպաստել առավելագույնս ազատ և արդար ընտրությունների անցկացմանը: Արդար ընտրություններն ապահովելու մի գործիքն էլ բոլոր կուսակցությունների միջև հավասար հնարավորությունների ապահովումն է:

Մենք կարծում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները որոշ չափով բարելավել են իրավիճակը: Ազատության հրապարակը տարբեր ուժերի հանրահավաքների համար բացելու նախագահի որոշումը ևս կարևոր է: Անցյալ շաբաթվա հանրահավաքը, մեր կարծիքով, բավական լավ անցկացվեց, և ոստիկանությունը պատեհ վերաբերմունք ցուցաբերեց խաղաղ այդ հանրահավաքի ժամանակ: Այս ամենը լավ նորություններ են:

Ներկայում մենք աշխատում ենք լրատվամիջոցների ազատության և բոլոր կուսակցությունների՝ ընտրությունների գործընթացում դրանցից օգտվելու հավասար հնարավորություններ ապահովելու վրա: Ոչ միայն ընտրությունների օրը, այլև նախքան ընտրությունները. դա շատ կարևոր է:

-Ինչքանո՞վ եք Դուք տեղեկացված 2008թ. հայաստանյան իրադարձությունների մասին: Որքանո՞վ է առաջնահերթ նման դեպքերի կրկնությունը կանխելը: Դուք նշեցիք անցյալ շաբաթվա հանրահավաքի մասին, որը փաստորեն տեղի ունեցավ ոչ նախընտրական շրջանում: Իրավիճակը բոլորովին տարբեր է լինում քվեները հաշվելիս:

-Բնականաբար, ես տեղեկացված եմ 2008թ. ընտրությունների մասին: Մենք դրանք որակել ենք որպես խախտումներով անցկացված ընտրություններ, այնպես որ՝ մեր վերաբերմունքը հստակ է այդ ընտրությունների և դրանց հաջորդած դեպքերի մասով:

Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահի՝ այս տարի ավելի վաղ իրականացրած քայլերը՝ Ազատության հրապարակի բացումը և ազատազրկվածների ազատ արձակումը, ինչպես նաև բոլոր այն որոշումները, որոնք, մենք կարծում ենք և հուսով ենք, առաջիկայում ավելի լավ ընտրություններ անցկացնելու ազդանշաններ են:

Ես չեմ ցանկանա երկու ընտրությունների (2008թ. և 2012թ. – խմբ.) միջև զուգահեռներ անցկացնել, քանի որ դեռ ծանոթանում եմ իրավիճակին, և կարծում եմ, որ այն ժամանակվանից այս կողմ փոփոխություններ և բարելավումներ եղել են: Այնպես որ՝ մենք լիահույս ենք, որ առաջիկա ընտրությունները ոչ միայն ավելի լավը կլինեն, քան 2008թ., այլև դրանք շատ ավելի մոտ կլինեն միջազգային չափանիշներին: Ահա թե ինչի մասին ենք մենք խոսում՝ միջազգային չափանիշների:

-Եվ ներկայում մենք հեռու ենք Ձեր նշած միջազգային չափանիշներից:

-Այո՛: Չեմ կարող կանխատեսել՝ ինչ կպատահի: Կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները օգտակար են: Մենք շարունակում ենք հուսալ, որ լրատվամիջոցների հետ աշխատանքն ավելի բաց կլինի, որը թերևս մեր կարևորագույն առաջնահերթությունն է:

-Առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր՝ Հայաստանում անցկացրած վեց շաբաթները: Որևէ բան կարո՞ղ եք ասել առաջիկա տարվա Ձեր օրակարգի մասին:

-Հայաստանում ինձ շատ բան է զարմացրել: Մարդկանց հետ անձնական շփումները հիանալի էին: Ես ու կինս շատ-շատ մարդկանց ենք հանդիպել: Ինձ համար հստակ է, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ մյուսները ցանկանում են համագործակցել Միացյալ Նահանգների հետ:

Այնպես որ՝ ես այստեղ որևէ ոլորտում կամ որևէ խմբի հետ հանդիպելիս ինձ անցանկալի հյուր չեմ զգացել, ինչն ինքնին լավ է: Դա ինձ թույլ է տալիս հավատալ, որ կկարողանամ տնտեսական և քաղաքական օգուտ տալ այս երկրին:

Տնտեսական առումով, մենք փորձում ենք մեր գործընկերների հետ հասկանալ՝ ինչպես բարելավել մեր առևտրային և ներդրումային հարաբերությունները Հայաստանի հետ, ինչպես մեծացնել մեր առևտրաշրջանառությունն ու ներդրումները՝ բարելավելով Հայաստանի բիզնես միջավայրը:

Իմ ամենակարևոր առաջնահերթությունը տնտեսական մասով այն է, որ աշխատենք Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի, կառավարության ու տեղի տարբեր կազմակերպությունների հետ կառավարման բարելավման և հակակոռուպցիոն ծրագրերի ուղղությամբ, որպեսզի բարելավենք գործարար միջավայրը, և ես կարողանամ ավելի շատ ամերիկյան ներդրումներ ու ընկերություններ բերել այստեղ: Սա՝ տնտեսական մասով: Քաղաքական մասով՝ առաջիկա այս կարևոր ընտրություններին նախապատրաստվելն է: 

Հարցազրույցն ամբողջությամբ (անգլերեն) դիտե՛ք Civilnet.tv կայքում:

Մեկնաբանել