«Կենսաթոշակային բարեփոխումները փոխելու են հասարակության տնտեսական և ֆինանսական մտածողությունը». վարչապետ

«Մենք փոխում ենք քաղաքացիական մտածողությունը և նրանց մոտիվացիան: Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար և կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար: Մենք ստեղծում ենք ազատ մտածող մարդու միջավայր, ով պետք է կարողանա իրացնել իր ազատությունը: Կենսաթոշակային բարեփոխումները մեր հասարակությունում փոխելու են տնտեսական և ֆինանսական մտածողությունը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թվականի հունվարի մեկից կառավարությունը տասական տոկոսով բարձրացնելու է սոցիալական ապահովության նպաստներն ու կենսաթոշակները: «Անգամ ճգնաժամի տարիներին’ պետությունը ոչ միայն ամբողջությամբ կատարեց իր պարտավորությունները, այլև ավելացվեցին թոշակներն ու սոցիալական նպաստները: Մենք հետևողական ենք սոցիալական քաղաքականության այս սկզբունքի կիրառման առումով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հուվարի մեկից: Բարեփոխումից հետո, կենսաթոշակային ապահովության համակարգն ունենալու է երեք բաղադրիչ. պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը) և կամավոր կուտակային’ քաղաքացիների հայեցողությամբ: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների համար: Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի մեկից:

Մեկնաբանել