Աշխարհ.com

Ինտերնետը 2011թ. կարևորագույն դերակատարներից էր: Իհարկե, համացանցը նոր հայտնագործություն չէ: Այն մարդու կյանք է մտել տասնյակից ավելի տարի առաջ: Ավելին՝ 2006թ. Time ամսագիրը Տարվա մարդ ընտրեց հենց Ինտերնետ օգտագործողին: Սակայն մինչև 2011թ. համացանցը մարդկանց նեղ շերտի ուղեկից էր, վերնախավային մի զբաղմունք և վիրտուալ ու իրական աշխարհի միջև հստակ սահմանագիծ կար: 2011-ը ջնջեց այդ սահմանը:

2011թ. iPad 2, Kindle Fire-ի, նաև այլ պլանշետների լայնածավալ տարածումը համացանցը դարձրին ոչ միայն նորաձև, այլև հարմար: Նրանք թույլ են տալիս մշտապես հասանելի լինել՝ անկախ ժամից ու գտնվելու վայրից: Ըստ Gartner վերլուծական ընկերության, 2011թ. պլանշետների վաճառքի թռիչքային տեմպերը պահպանվելու են նաև 2012թ., երբ կանխատեսվում է 103 մլն պլանշետների վաճառք:

2011թ. սոցիալական կայքերը առօրեականացրին համացանցը: Նրանք դարձան շփման և տեղեկություն ստանալու կարևորագույն աղբյուր՝ փոխարինելով շատ դեպքերում սովորական սրճարանները և ընկերական հավաքույթները իրական աշխարհում:

2011թ. Facebook-ը, Twitter-ը կամ բլոգերը ցույց տվեցին քաղաքական զարգացումը փոխելու հնարավորություններն ու ներուժը: Դժվար էր պատկերացնել, որ նրանց օգնությամբ կազմակերպված հակակառավարական հանրահավաքները Թունիսում կբերեն արաբական հեղափոխությունների մի ամբողջ շղթայի և կդառնան չորս երկարամյա արաբական նախագահների հրաժարականի պատճառ և կառաջացնեն նույնանման, սակայն ավելի խաղաղ բնույթի երիտասարդական ելույթներ Եվրամիությունում և ԱՄՆ-ում:

2011թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ պատմության մեջ առաջին գլոբալ բնույթի բողոքի գործողությունը՝ մարդիկ փողոց դուրս եկան աշխարհի 82 երկրների համարյա հազար քաղաքներում սոցիալական ցանցերում կազմակերպվելուց հետո: Ռուսաստանում հայտնվեց «Նավալնի» երևույթը, երբ հասարակ բլոգերը հսկայական քաղաքական կշիռ ձեռք բերեց:

Հայաստանում այս միտումները նույնպես դրսևորվեցին: Մեր հայրենակիցները սկսեցին հասկանալ համացանցը որպես գործիք կիրառելու հնարավորությունը: Որպես հետևանք 2011թ. ընթացքում հսկայական քանակությամբ լրատվական կայքեր հայտնվեցին, որոնք շատ դեպքերում ուղղակի կրկնում են միմյանց, սակայն նրանց ստեղծումն արդեն խոսում է պահանջարկի գոյության մասին:

Միայն համացանցում էր հնարավոր հայ հասարակության առաջին պոռնոսկանդալը: «Ֆեյսբուք»-ի շնորհիվ մեր շատ նախարարներ ու պաշտոնյաներ շատ ավելի հասանելի դարձան քաղաքացիների համար: Եվ վերջապես, համացանցում ձևավորվեցին հասարակական հնչեղ նախաձեռնություններ, որոնց հիմնական գործունեությունն իրականացվում է հենց ինտերնետում և ինտերնետի միջոցով, սակայն որոնք որոշ պարագաներում ավելի ազդեցիկ են, քան իրական քաղաքականության շատ սուբյեկտներ:

Ինչ ուղով կընթանա զարգացումը՝ դժվար է կանխատեսել: Վտանգը, որ վիրտուալ աշխարհը կարող է փոխարինել իրական աշխարհին՝ չապահովելով, սակայն, վերջինիս բազմազանությունն ու գունագեղությունը, իհարկե, կա: Ժամանակը, տարածությունը, մարդկային, ավանդական հարաբերությունները, արժեքային չափորոշիչները կփոխվեն, և գուցե կգա ժամանակ, երբ ծնվեն կյանքի վիրտուալացմանը հակազդող և դեպի իրական կյանք վերադառնալու կողմնակիցների շարժումներ: Բայց, սա արդեն մեկ ուրիշ տարվա պատմություն է:

Մեկնաբանել