Մասոնները բայղուշ չեն

Այս լուրի մեջ ինձ անձամբ ուրախացնում է մշուշոտ որոշակիությունը, կարծես թե ամեն ինչ պարզ է, բայց շարունակության մեջ, ասենք, գրված չէ՝ 4-րդ լիալուսնի ժամանակ գարնան 17-րդ ակնթարթին: Կամ ասենք՝ 4-րդ լիալուսնի 9-րդ րոպեին: Ի վերջո, 4-րդ լիալուսինը տեղի է ունենում ապրիլին: Կարող էին, չէ՞, գրել՝ 4-րդ լիալուսնի ժամանակ, այսինքն՝ ապրիլին: Ձեռագրերը, եթե պոեզիա չեն, սովորաբար որոշակի են լինում: Թեպետ Նոստրադամուսի դեպքում պարզ տեղեկությունները պոեզիայի լեզվով շատ անորոշ էին ձևակերպված: Ըստ էության ինչի՞ մասին է խոսքը:

Այս տեղեկության հեղինակները բուն լուրով փորձել են ցույց տալ մեր լրատվամիջոցների անլրջությունը: Նախ՝ «Քնքշանք» անվանումով մասոնական օթյակ Հայաստանում գոյություն չունի: Երկրորդ՝ Հայաստանում ընդհանրապես մասոնական օթյակ չկա, կա մասնաճյուղի նման մի բան, որի կենտրոնը Ֆրանսիայում է: Նույնիսկ եթե օթյակ գոյություն ունի, նա չէր կարող խոսել աշխարհի կործանումից, որովհետև մասոնականության էությունը հենց աշխարհն է, միակ վայրը, որտեղ մարդիկ կան:

Մասոնական օթյակը չի կարող գուժել իր «թագավորության» վախճանի մասին, նույնիսկ եթե աշխարհի վերջի մասին տիրապետում է իրական տվյալների: Այսինքն՝ մասոնականությունը կարող է մտածել միայն աշխարհի գոյությունը երկարաձգելու մասին, որովհետև այս աշխարհը նրա գոյության միակ երաշխիքն է, որովհետև, ըստ մասոնների, աշխարհը հենց նրանց թագավորությունը հաստատելու համար է պտտվում:

Այլ խոսքով՝ մասոնները բայղուշ չեն:

Երրորդ՝ այն տեսքով, որով լրատվամիջոցներն ստացել են աշխարհի կործանման մասին մասոնական տեղեկությունը, հրապարակելը լուրջ չէ: Լուրջ չէ, որովհետև դա լուր չէ, այլ հալած յուղ: Եթե վաղը որևէ էլեկտրոնային հասցեից որևէ լուր-սադրանք ուղարկեն ՀՀ նախագահի կամ ոստիկանապետի անձնական կյանքից, պարզ չէ՞, թե ինչ պիտի անեին լրատվամիջոցները: Պիտի զանգեին ՀՀ նախագահի կամ ոստիկանապետի լրատվական ծառայություններին և պարզեին լուր-սադրանքի իսկության չափը:

Մեծ է հավանականությունը, որ նրանց լրատվական ծառայությունները կհերքեին դրա իսկությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան իրականությանը մոտ է: Բայց լրատվամիջոցները չէին ալարի միջոցներ ձեռք առնել: Այս դեպքում, իհարկե, բացառված չէ, որ նրանք չեն իմացել, թե հատկապես ումից պետք է ճշտեն աշխարհի վերջի մասին մասոնական վարկածի իսկությունը: Մեր լրատվամիջոցների իմացած միակ մասոնական մասնաճյուղը, որը ղեկավարվում է Ֆրանսիայից, արդեն հայտնի է, որ կապ չունի գոյություն չունեցող «Քնքշանք»-ի հետ:

Ինձ, համենայնդեպս, թվում է, որ մինչև 2039թ. 4-րդ լիալուսինը մեր լրատվամիջոցները ինչ-որ բան ճշտելու ժամանակ կունենային: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ գոյություն չունեցող օթյակի հաղորդագրությունն ավելի ծանրակշիռ է երևում մեր լրատվակայքերի համար, քան փաստացի հարբած վարչապետի ելույթը, որը հեռուստաընկերությունների գերակշիռ մասը հրաժարվեց ցուցադրել:

Մեկնաբանել