Audi-ն առաջ է անցել Mercedes-Benz-ից

Հաղթանակն ապահովել են ԱՄՆ-ը և Չինաստանը

2011թ. գերմանական Audi AG-ն (Volkswagen խմբի անդամ) դարձել է պրեմիում դասի ավտոմեքենաների արտադրության աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերությունը՝ զիջելով միայն գերմանական BMW-ին ու առաջ անցնելով գերմանական մեկ այլ հայտնի արտադրողից՝ Mercedes-Benz-ից։ Վերջինս գերմանական եռյակում պատվավոր երրորդն է։ Audi AG-ի հաջողությունները պայմանավորված են ԱՄՆ-ում և Չինաստանում այս մակնիշի մեքենաների պահանջարկի աճով, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը։

2011թ. ընթացքում Audi-ն վաճառել է 1,3 մլն ավտոմեքենա, ինչը 19%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը։ Ընդ որում՝ Չինաստանում ավտոարտադրողի վաճառքներն ավելացել են 37%-ով (մինչև 313 հազ. ավտոմեքենա), ԱՄՆ-ում՝ 16%-ով (մինչև 117,56 հազ. մեքենա) Եվրոպայում՝ 12%-ով (մինչև 726,3 հազ.)։

Ինչ վերաբերում է BMW-ին, անցած տարի ավտոհսկայի վաճառքները 2010թ. համեմատ ավելացել են 13%-ով՝ կազմելով 1,3 մլն ավտոմեքենա։ Ցուցանիշն ապահովել են հիմնականում Mini և Rolls Royce մակնիշների վաճառքները։ Լյուքս դասի ավտոմեքենաների շուկայի երկար տարիների առաջատար Mercedes-Benz-ի վաճառքները 2011թ., նախորդ տարվա համեմատ, ավելացել են 8%-ով՝ մինչև 1,2 մլն մեքենա։

Հատկանշական է, որ 2011թ. Rolls Royce մակնիշի ավտոմեքենաների վաճառքներն ավելացել են 31%-ով՝ կազմելով 3,5 հազ. ավտոմեքենա՝ գերազանցելով 30-ամյա վաղեմության ռեկորդը, որը սահմանվել էր 1978թ.՝ այս մակնիշի 3,3 հազ. ավտոմեքենա վաճառքով։

Volkswagen-ում Audi ընկերության նախորդ տարվա հաջողությունները, ընդհանուր առմամբ, պայմանավորել են առավել խնայողական և փոքրածավալ մոդելի՝ Ghost-ի բարձր հեղինակությամբ և համեմատաբար ցածր գնով։ Ընդ որում՝ մայր խմբում՝ Volkswagen-ում, մտադիր են մինչև 2018թ. վաճառքներն ավելացնել տարեկան մինչև 10 մլն ավտոմեքենա՝ նպատակ ունենալով գերազանցել ամերիկյան General Motors ու ճապոնական Toyota ավտոարտադրողներին և դառնալ ոլորտի համաշխարհային առաջատարը։

Ընթացիկ տարին թանկարժեք ավտոմեքենաների շուկայի համար ևս նպաստավոր է լինելու, հատկապես տարեվերջը։ 2012թ. առաջատար կշարունակի մնալ BMW-ն, որի համաշխարհային վաճառքները 2011թ. համեմատ կաճեն 18-20%-ով։ Audi-ն, ինչպես 2011թ., այնպես էլ այս տարի, ամենայն հավանականությամբ առաջ կանցնի Mercedes-ից՝ վաճառքի բարձր ցուցանիշներ ապահովելով հիմնականում Q7 մակնիշի շնորհիվ, փորձագետների կանխատեսումները մեջբերում է The Wall Street Journal-ը։ Ըստ BMW-ի ֆինանսական տնօրեն Ֆրիդրիխ Այխների՝ 2012թ. թանկարժեք ավտոմեքենաների համաշխարհային շուկան կաճի 8%-ով, մասնավորապես ԱՄՆ-ում և Չինաստանում վաճառքների հաշվին, հաղորդում է Reuters-ը։

Մեկնաբանել