Նկարել հանուն ՕԵԿ-ի

Անձնագրային և վիզաների վարչության տվյալները խոսում են մի բանի մասին՝ ՀՀԿ-ն պատրաստվում է տոտալ կեղծիքների։ Արդեն հայտնի է, որ 165 հազ-ով ավելացել է ընտրողների թիվը։ Երկու ամիս առաջ ԱՎԾ-ն հրապարակեց մարդահամարի նախնական տվյալները, ըստ որոնց՝ բնակչությունը պակասել է մոտ 200 հազ-ով։ Սա պարադոքս է երկրորդ դասարանում մաթեմատիկա սովորած ցանկացած աշակերտի, բայց ոչ ՀՀ իշխանությունների համար։

Նրանց ինչի՞ն է պետք 165 հազ. կեղծ քվեն։ Չէ՞ որ 2007թ. առանց այն էլ կեղծված ընտրությունների ժամանակ նրանք նկարեցին այնքան քվե, որքան իրենց պետք էր իշխող քաղաքական ուժ լինելու համար։ Նշանակում է՝ կա՛մ ուզում են աննախադեպ իշխող լինել, կա՛մ կա մի քաղաքական ուժ, որին ուզում են անցկացնել։ Իրականում կամ-կամ չէ, այլ և-և։ Խիստ տրամաբանական է, որ ՀՀԿ-ն ուզում է լինել աննախադեպ իշխող։ ԲՀԿ-ն նրանց վստահություն չի ներշնչում։ ՀՅԴ-ն ինքը չի ուզում գործ ունենալ «գիշերային թեթեռնիկների» հետ, որոնք հայ-թուրքական բարեկամության ջանքեր են գործադրում հատկապես գիշերները։ ՕԵԿ-ը եղած-չեղած մի հաշիվ է։ ՀԱԿ-ն առայժմ վառվում է ԱԺ խցկվելու գաղափարով, և նրան հավանաբար 10-15%-ն էլ կբավարարի։

Նշանակում է՝ հիմնական սպառնալիքը ԲՀԿ-ն է։ Ուզում են կեղծել ընդդեմ ԲՀԿ-ի։ Այսինքն՝ ԲՀԿ-ն պետք է ի գիտություն ընդունի, որ 2007թ. 458 հազ. քվեով 33,9% «հավաքած» ՀՀԿ-ն հավակնում է 40-42% քվեի։ Այսքան բարձր տոկոսները Սերժ Սարգսյանի ինչի՞ն են պետք։ Նա այնքան շատ է կուսակցության համամասնական ցուցակը լցրել պատեհապաշտներով, որ չի բացառվում, որ նրանք իրենց պատեհապաշտությունը դրսևորեն նաև ԱԺ-ում։ Եվ կարիք կզգացվի նրանց հեռացնել խմբակցությունից։ Կամ նրանք կհեռանան։ Բայց դա նրանց չի զրկի մանդատից։ Հետևաբար՝ պետք է նկարի մի թիվ, որը ֆորս-մաժորային ոչ մի իրավիճակում նրան չի զրկի ԱԺ-ում շոշափելի մեծամասնություն լինելուց։

Ձայների բաշխման համամասնության մյուս «տրամաբանությունն» այն է, որ այս հավելյալ 165 հազ. ձայնը ՀՀԿ-ն պատրաստվում է կիսել ՕԵԿ-ի հետ։ ՀՀԿ-ն նախապատրաստում է ՕԵԿ-ի վերածնունդը։ ՕԵԿ-ը հենց այնպես չի հայտարարել, որ իր կուսակցության անդամների թիվը 160 հազ. է։ 2007թ. ՕԵԿ-ի համար նկարվեց 95 հազ. ձայն՝ 7,1%։ Սերժ Սարգսյանը երախտագիտության զգացում պիտի որ ունենա։ Նա չի քցի ՕԵԿ-ին։ Որովհետև Արթուր Բաղդասարյանն արդեն հայտարարել է, որ 2013թ. ՕԵԿ-ը պաշտպանելու է նրա թեկնածությունը։

Անձնագրային վարչության՝ ընտրողների մասին նոր տվյալներով 95 հազ. քվեն արդեն 7,1% չէ։ Դա 7,1% էր 1,391  մլն ընտրողի դեպքում։ Բայց իշխանությունն ընտրողների թիվը չի ավելացրել, որ մասնակցության քանակը թողնի 2007թ. ցուցանիշի վրա։ Հետևաբար՝ ՀՀԿ-ն կնկարի ընտրողների մոտ 1,55  մլն-ից 1,7  մլն մասնակցություն։ Իսկ այսպիսի մասնակցության դեպքում ՕԵԿ-ի համար պետք