Գիտությունը՝ վթարի սպառնալիքի առաջ

Զարգացած երկրներում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի շուրջ 3%-ը: Հայաստանում այդ ցուցանիշը տասը անգամ փոքր է: Գիտության խնդիրների ու հեռանկարի շուրջ «Օրակարգ»-ը զրուցել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ:

-Պրն Իշխանյան, 2011թ. փետրվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած՝ գիտության ոլորտում տասնամյակի իրավիճակը ներկայացնող զեկույցի համաձայն՝ Հայաստանում գիտությունը բավական մրցունակ է գնահատվել: Հաշվի առնելով գիտության ոլորտի սուղ ֆինանսավորումը՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ զեկույցը:

-Այո՛, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի՝ բավական զարմանալի իրականություն է բացահայտվում՝ մեր գիտության արդյունավետությունը մեկ գիտնականի հաշվով չափազանց բարձր է: Սակայն դա որոշ չափով «օպտիկական խաբկանքի» արդյունք է, այսինքն՝ իրականում արդյունքը մի քիչ ավելի համեստ է: Ընդհանրապես, զեկույցում բերված թվերն ավելի խոր մեկնաբանության կարիք ունեն: Այսպես՝ պարզվում է, որ Հայաստանում 1 մլն բնակչի հաշվով գիտնականների թիվը բավական քիչ է: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում կա 4,5 հազ. գիտնական 3 մլն բնակչի հաշվով, որը մոտ երկու անգամ զիջում է միջազգային միջին ցուցանիշին: Վերջին տասը տարիներին նկատվում է գիտնականների թվի անկման հստակ միտում՝ տարեկան 200-250 հոգի:

Հետաքրքիր փաստ է նաև այն, որ ամբողջ աշխարհում գիտնականների միջին տարիքը մոտ 40 է, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թիվը 2000թ. կազմել է 48, իսկ 2010թ.՝ 58: Դա նշանակում է, որ ամեն տարի մեկ տարով ծերացել է գիտությունը, այսինքն՝ երիտասարդության հոսք դեպի գիտություն չկա: Այստեղ սկսվում է երևալ նշված թվերի ինչ-որ չափով խաբուսիկությունը, քանի որ մեր գիտական արդյունքը, որը մեծ գովասանքի է արժանանում, 50-60 տարեկան գիտնականների գործունեության արդյունք է, որոնք գտնվում են իրենց արդյունավետության գագաթնակետին: Բնականաբար, այս տարիքում գիտնականը պետք է տա տարեկան գոնե 5-6 մրցունակ աշխատանք, իսկ ավելի երիտասարդները սովորաբար տալիս են 1-2 աշխատանք:

Փաստացի, աշխարհի մյուս երկրների համար հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով երիտասարդ գիտնականների մեծ թիվն այդ երկրներում, իսկ Հայաստանի համար հաշվարկը կատարվել է հիմնականում կայացած գիտնականների հաշվով, ինչի արդյունքում էլ մենք դասվել ենք այնպիսի երկրների հնգյակում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Եթե մենք ունենայինք երիտասարդ գիտնականների նորմալ ներհոսք, արդյունավետության ցուցանիշը կնվազեր, բայցևայնպես կզբաղեցնեինք բավական բարձր տեղեր՝ 14-15-րդ հորիզոնականները:

Այսինքն՝ անգամ նորմալ բաշխվածության դեպքում մենք կունենայինք բարձր դիրքեր, ինչը գոյություն ունեցող գիտական դպրոցների արդյունք է, որոնք ձևավորվել են խորհրդային ժամանակներում: Հայաստանն ուրիշ ոչ մի բնագավառում չի զբաղեցնում նման բարձր հորիզոնականներ, սա միակ ոլորտն է: Այսինքն, իրոք, մենք ունենք գիտական արդյունքի արդյունավետության բարձր դիրքեր, բայց դրա համար գրեթե բացառապես պարտական ենք ավագ սերնդի գիտնականներին: Դա շատ մտահոգիչ է։

-Հայաստանում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի ընդամենը 0,3%-ը, զարգացած երկրներում՝ մոտ 3%-ը: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի արդյունքները՝ որքանո՞վ է գիտության մրցունակությունը կապված դրա պետական ֆինանսավորման հետ:

-Պետության վերաբերմունքը գիտության ոլորտին խիստ կարևոր է, սակայն ներկայում դա կատարվում է միայն ձևական հայտարարությունների մակարդակով՝ իբր գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու ցանկության տեսանկյունից: Սահմանափակ բնական ռեսուրսներով երկրի համար, որը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկում, ապագան պետք է կառուցել գիտելիքի հիման վրա: Սակայն կառավարության խոսքը և գործը հակադիր բևեռներում են:

Պետության վերաբերմունքը գիտությանը կարելի է գնահատել՝ բացառապես հաշվի առնելով գիտության ֆինանսավորման տոկոսն ընդհանուր ՀՆԱ-ում: Զարգացած երկրներում այս ցուցանիշը, ինչպես նշեցիք, կազմում է մոտ 3%, իսկ Հայաստանում՝ 0,25%: Այսինքն՝ այս ցուցանիշով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում զբաղեցնում է վերջին տեղերը, իսկ արդյունքի տեսանկյունից՝ առաջատար դիրքեր: Ահա սա է ապշեցուցիչ հակադրությունը:

Երիտասարդ գիտնականները ամսական ստանում են մոտ ֌40 հազ.: Այս պարագայում խոսել ոլորտը գրավիչ դարձնելու մասին անիմաստ է: Գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու ամպագոռգոռ հայտարարությունների ֆոնին մենք ունենք երիտասարդ գիտնականների ներհոսքի բացակայություն, ծերացող գիտական ներուժ և այսօր կանգնել ենք բացարձակ վթարի սպառնալիքի առաջ: Մենք վերածվել ենք ուղեղ մատակարարող երկրի, որտեղ աղքատության ֆոնին աճում են բավական մրցունակ և պրոդուկտիվ կադրեր, որոնք այնուհետև համալրում են այլ երկրների գիտական ներուժը:Եթե ևս 4-5 տարի այսպես շարունակվի, այս պահին դեռ իր արդյունավետության գագաթնակետին գտնվող գիտական սերուցքը կանցնի թոշակի, իսկ նրանց լաբորատորիաները կփակվեն: Սա վթարային իրավիճակ է, երբ կարող ենք կորցնել տասնամյակներում ձևավորված գիտական ժառանգությունը:

-Ի՞նչ դեր ունի մասնավոր հատվածը գիտության ֆինանսավորման գործում: Արդյոք հայկական բիզնեսն արդեն գիտակցո՞ւմ է գիտության կարևորությունը տնտեսության մրցունակության համար:

-Ամբողջ աշխարհում գիտությունը սովորաբար միայն 1/3-ով է ֆինանսավորվում պետության կողմից, իսկ մնացած մասը գալիս է մասնավոր հատվածից, ընդ որում՝ մասնավոր հատվածի միջոցները նպաստում են նաև հիմնարար գիտությունների զարգացմանը: Կարելի է ակնկալել, որ մասնավոր հատվածը պետք է մոտ երկու անգամ շատ միջոցներ հատկացնի գիտության ֆինանսավորմանը, քան պետությունը: Հայաստանը, սակայն, դեռ լիովին չի անցել կապիտալի ձևավորման նախնական փուլը, և խոսել այն մասին, որ մեզ մոտ մասնավորը գիտակցում է գիտության ֆինանսավորման մասին և պատրաստ է մեծ մասշտաբի երկարաժամկետ ներդրումներ կատարել, առաջիկա տարիներին իրատեսական չէ, սակայն համեմատաբար փոքր ներդրումներ կարելի է ակնկալել:

Ուստի, այո՛, մենք ունենք պահանջ, որ մասնավորը ներգրավվի գիտության մեջ: «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ հանրությանը, մասնավոր հատվածին բացատրելով գիտության դերը, սակայն չմոռանալով, որ հիմնարար գիտության ֆինանսավորման հիմնական բեռը պետք է իր վրա վերցնի պետությունը:

-Չե՞ք կարծում, որ գիտության զարգացումը պետք է լինի կրթությանը համաքայլ և համատեղ: Չե՞ք կարծում, որ Գիտությունների ակադեմիան կամ նրա ինստիտուտները պետք է կցվեն կոնկրետ համալսարանների կամ հակառակը:

-Նախ, ըստ իս, այդ կրթությունը պետք է քայլի գիտությանը համաքայլ, այլ ոչ թե հակառակը: Այդ ինչո՞ւ պետք է դիմենք արտասահմանյան փորձին, եթե մենք ցույց ենք տալիս շատ լավ արդյունքներ գիտության ոլորտում: Իհարկե, Հայաստանում գիտության կազմակերպումն ունի բազմաթիվ թերություններ, սակայն ցույց տվեք որևէ այլ ոլորտ, որն այդքան փայլուն է աշխատել վերջին տասը տարում: Իրականում մենք բավականաչափ ընդգրկված ենք համաշխարհային գիտա-ինտեգրացիոն գործընթացներում: Խոսքս, անշուշտ, բնագիտության ոլորտի մասին է։

Այդ ոլորտում մենք ականատես ենք բացառիկ ինտեգրվածության և համընթաց ենք քայլում եվրոպական համակարգին, ունենք համատեղ լաբորատորիաներ, գիտնականների և ասպիրանտների փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Անգամ արտասահմանյան համալսարանների համեմատ ինտեգրվածությունը մեծ է:

Բացի այդ՝ արևմտյան աշխարհում կան և՛ մաքուր ակադեմիական ինստիտուտներ, և՛ համալսարանական գիտական կենտրոններ: Եվ այդ համադրությունը հրաշալի աշխատում է։ Մեկը մյուսին միավորելը պարտադիր բնույթ չպետք է ունենա, չպետք է որևէ ինստիտուտ կցել մեկ այլ հաստատության լավ արդյունք ապահովելու համար:

-Արդեն մոտ մեկ տարի է, ինչ գործում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը: Ինչպե՞ս կարող է գիտնականը համատեղել գիտական աշխատանքը և հասարակական գործունեությունը:

-Այդ նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն չէ, չունի կնիք, ղեկավար մարմին և այլն: Բոլոր հանդիպումներին մասնակցում են տարբեր գիտնականներ, որոնք ներկայացնում են գիտական ոլորտի ընդհանուր շահերը: Նախաձեռնությունը յուրահատուկ է, քանի որ այն կարողացել է ինտեգրել երիտասարդ գիտնականների մեծամասնության՝ գիտության ֆինանսավորման ավելացման ու ֆինանսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծմանն ուղղված ճիգերը, սակայն յուրաքանչյուր մասնակից իր ժամանակի չնչին տոկոսն է ծախսում նախաձեռնության վրա:

Սա նորարարական նախաձեռնություն է, քանի որ այն չունի նախաձեռնող խումբ, ֆորմալ վերահսկում, պաշտոնական կառույցներ և այլն: Արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ֆինանսական ծրագրեր այս ֆեյսբուքյան էջի միջոցով՝ առանց հաշվի համարի՝ պարզապես էջում հնչեցված կարծիքների միջոցով ասվում է թե ֆինանսավորողն ո՞ւմ պետք է ֆինանսավորի և որքան: Նման նորարարական նախաձեռնություններ անհրաժեշտ են մեզ:

-Ինչպե՞ս կբնորոշեք «գիտնական» եզրը: Ո՞վ է գիտնականը՝ նա, ով աշխատում է գիտության ոլորտում, թե նա, ով գիտական արդյունք է ստեղծում:

-Կիրառական գիտությունը հիմնարար գիտությունից պետք է տարբերել: Հիմնարար գիտությունների ոլորտում գիտնականը նա է, ով զբաղվում է նոր գիտելիքի արարմամբ և այդ գիտելիքը հասանելի է դարձնում գիտական հանրությանը՝ հոդվածներով և գիտաժողովներում ելույթների միջոցով: Նյութական արժեքի ստեղծմանն ուղղված մշակումը հիմնականում կիրառական գիտության խնդիրն է։ Եվ դրանով պետք է զբաղվի կառավարությունը:

Բոլորովին վերջերս ընդունվել է «Ակադեմիայի մասին» օրենքը, ըստ որի՝ Ակադեմիան կանոնադրորեն պատասխանատու է հիմնարար գիտությունների զարգացման համար: Այնպես որ՝ չի ենթադրվում որևէ նյութական արժեքի ստեղծման պարտադրում: Կիրառական գիտությունը վերցնում է հիմնարար գիտության արդյունքները և դրանց հիման վրա ստեղծում իր արժեքը: Հայաստանում կա հիմնարար գիտություններով զբաղվող մոտ 35 կազմակերպություն և կառավարության ենթակայության տակ գտնվող 70-ից ավելի գիտական ինստիտուտներ:

Ես կիսում են հանրության այն դժգոհությունը, որ կիրառական գիտությունը չի տալիս մրցունակ, տեսանելի պրոդուկտ: Սակայն դա կառավարության խնդիրն ու պարտականությունն է: Հանրության մոտ ձևավորված է թյուր կարծիք, որ մեր գիտական ներուժն անարդյունավետ է, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցն ամեն ինչ դրեց իր տեղը: Այսօր մենք կարող ենք ասել, որ «անպետքության» շրջանառվող պատկերացումներն իրականում պետք է վերագրել կառավարությանը և հանրության անիրազեկվածությանը:

Մեկնաբանել