Ֆիգո. Եվրո-2012-ը դրական է ազդում զբոսաշրջության վրա

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացումը, ամենից առաջ, Լեհաստանի և Ուկրաինայի համար հնարավորություն է ենթակառուցվածքներն արդիականացնելու և իրենց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացնելու համար: Այդ մասին հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն: Նրա խոսքով՝ իր հայրենիքում 2004թ. Եվրոպայի առաջնության անցկացումը դրական ազդեցություն է ունեցել երկրի զարգացման վրա:

«Եվրոպայի առաջնությունն առաջին հերթին նոր մարզադաշտերի կառուցում է, ենթակառուցվածքի զարգացում, ապագայում նման միջոցառումներ անցկացնելու համար պայմանների ստեղծում: Կարծում եմ՝ Պորտուգալիայում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրել, ինչը նպաստել է զբոսաշրջության զարգացմանը: Ես չեմ կարող խոսել ֆինանսական բաղադրիչի մասին, բայց հաշվի առնելով ֆուտբոլի և ընդհանուր առմամբ սպորտի ու ֆիզիկական կուլտուրայի առաջխաղացումը՝ նման մրցաշարերը շատ կարևոր և օգտակար են»,– Ֆիգուի խոսքը, ըստ Panarmenian.net-ի, մեջբերում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:Նրա կարծիքով՝ Ուկրաինան և Լեհաստանը բարձր մակարդակով են նախապատրաստվում Եվրո-2012-ին: