Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ՀԱՊԿ և ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 6-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր: Խորհրդի մասնակիցները անդրադարձել են նաև Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, մտքեր փոխանակել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի և Պակիստանում իրավիճակի շուրջ:

Նույն օրը Աստանայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների և այլ ոլորտների վերաբերյալ:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվել են Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության են արժանացրել Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք 5 փաստաթղթի նախագիծ և կառավարությունների ղեկավարների խորհրդին՝ 10 փաստաթղթի նախագիծ:

Նախարարական հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջև ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին:

Նստաշրջանի մասնակիցները անդրադարձել են նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը և դրա զարգացման ծրագրերին:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է նոյեմբերին Աշխաբադում:

Մեկնաբանել