Ի՞նչը փոխել Հայաստանում՝ինստիտուտները

Կրկին քաղաքական ուժերը հասարակությանը առաջարկում են երկրի զարգացման իրենց պատկերացումները: Կրկին տարբեր են քաղաքական ուժերի մոտեցումները Հայաստանի զարգացման տեսլականի վերաբերյալ: Կրկին առաջարկվում է մտածելակերպ փոխելու, նոր մշակույթ ստեղծելու կամ մարդկանց փոխելու տարբերակը:

Ու հենց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը: Ո՞րն է այն կարևոր գործոնը, որը թույլ է տալիս պետությանը զարգանալ: Իմ սյունակներից մեկում տվել եմ այս հարցի պատասխանը, որտեղ իմ հիմնական փաստարկը եղել է այն, որ զարգացման կարևոր գործոն են հասարակությունում գործող ինստիտուտները:

Վերջերս լույս է տեսել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Հարվարդի համալսարանի դասախոս Ջեյմս Ռոբինսոնի գիրքը, որը վերնագրված է «Ինչո՞ւ են պետությունները ձախողում» (Why Nations Fail?): Գրքում բերված հիմնական փաստարկն այն է, որ երկրների զարգացման հիմնական գործոն են հանդիսանում այդ հասարակությունում գործող ինստիտուտները: Հեղինակները հետաքրքիր օրինակներով ցույց են տալիս, թե ինչու են աշխարհագրական դիրքը, մշակույթը, մարդկանց մտածելակերպը երկրորդական դեր խաղում հասարակության զարգացման համար:

Հեղինակները ինստիտուտները բաժանում են երկու տեսակի՝ պայմանական անվանելով ինքլյուզիվ (inclusive) և էքստրակտիվ (extractive): Ինքլյուզիվ ինստիտուտները հասարակության լայն շերտերին երկրի հարստությանը մուտք ունենալու հնարավորություն են տալիս, որոնք էլ շահագրգռում են հասարակության լայն շերտերին ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսության մեջ: Այն նաև սեփականության իրավունքի անվտանգության բարձր մակարդակ է ապահովում, որը անհատներին շահագրգռում է ներդրումային ակտիվ որոշումներ կայացնել: Ինքլյուզիվ ինստիտուտները երկարաժամկետ զարգանալու հնարավորություն են տալիս:

Էքստրակտիվ ինստիտուտների դեպքում քաղաքական ուժը կենտրոնանում է հասարակության մի փոքր խմբի մոտ, որն էլ օգտագործում է այդ ուժը տնտեսական ռեսուրսներն իր մոտ կենտրոնացնելու համար: Սա սահմանափակում է հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունը տնտեսության մեջ և առաջացնում է երկարատև ճգնաժամեր հասարակության համար:

Պարզ է, որ Հայաստանում գործում են էքստրակտիվ ինստիտուտներ։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում ունենալ տնտեսական աճ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ակադեմիական ոլորտում ինստիտուցիոնալ մոտեցումները դոմինանտ են դարձել: 2009թ. Նոբելյան մրցանակի արժանացավ Էլինոր Օստրոմի աշխատությունը, որը վերնագրված էր «Կառավարելով հանրային ռեսուրսները» (Governing the Commons): Գրքում հեղինակը վերլուծում է իր բազմաթիվ տարիների հետազոտությունները և գալիս այն եզրահանգման, որ հանրային ռեսուրսների կառավարման ողբերգության պատճառ են ինստիտուտները: Այսինքն՝ հանրային ռեսուրսի արդյունավետ կառավարումը կապված է ինստիտուտների և ոչ թե այլ գործոնների հետ: Ի դեպ՝ երկար տարիներ գերակշռում էր այն մոտեցումը, որ հանրային ռեսուրսները արդյունավետ չեն կառավարվում, քանի որ սեփականատեր չունեն, սակայն Օստրոմը ցույց տվեց, որ բազմաթիվ երկրներում հանրային ռեսուրսներն արդյունավետ ձևով կառավարվում են, քանի որ ընտրված են արդյունավետ ինստիտուտներ՝ փոխադարձ վերահսկողություն և այլն: Հայաստանի հանրային ռեսուրսների անարդյունավետ կառավարման հիմնական պատճառը ևս գործող խաղի կանոններն են:

Այսպիսով՝ մեր զարգացման հիմնական խոչընդոտն են հասարակությունում գործող ինստիտուտները: Մշակույթի, մտածելակերպի, աշխարհագրական դիրքի կամ հավատի պակասի մասին բոլոր փաստարկները անհիմն են:

Եթե գալիք ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ կամ ուժեր կարողանան փոխել գործող ինստիտուտները և դարձնել դրանք ինքլյուզիվ, մենք զարգացման հնարավորություն կունենանք: Հակառակ դեպքում, դատապարտված ենք ունենալ նոր ճգնաժամեր:

Մեկնաբանել