Գիտաժողովի արդյունքները`կառավարության ուշադրության կենտրոնում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը: Ինչպես տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա, որ նվազի քաղաքացիների կենսամակարդակը: «Մյուս կողմից` շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռևս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը նշանակում է, որ այժմ գիտությունն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա: Նա հավաստիացրել է, որ գիտաժողովի  արդյունքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գևորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարել է պարտավորեցնող և շնորհակալություն հայտնել բարձր գնահատանքի համար: