Եվրոգոտին օգնություն է խնդրում

Եվրոպան ավարտել է ֆինանսական ցնցումներից համաշխարհային տնտեսության պաշտպանությանն ուղղված աշխատանքների իր մասը, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վարչությունում Գերմանիայի ներկայացուցիչ Յորգ Ասմուսենն ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

«Այժմ պետք է սպասել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անդամ մյուս երկրներն իրենց ներդրումն ունենան ԱՄՀ-ի ռեսուրսների մեծացման գործում»,- նշել է Ասմուսենը՝ հավելելով, որ վերջնական որոշումն այդուամենայնիվ, կընդունվի Վաշինգտոնում ապրիլի 20-22-ը կայանալիք ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարների գարնանային հանդիպման ընթացքում։

Գերմանացի պաշտոնյան հիշեցրել է, որ եվրոգոտու երկրներն արդեն պայմանավորվել են մեծացնել իրենց ֆոնդերի ծավալը՝ մինչև $1 տրլն և ԱՄՀ-ին տրամադրել ևս $200 մլրդ։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի վերջին եվրոգոտու ֆինանսների նախարարները հայտարարել էին կայունության ֆոնդերի ծավալը մինչև €800 մլրդ ($1 տրլն) մեծացնելու մասին. այդ թվում՝ €500 մլրդ-ը տրամադրելու էր Ֆինանսական կայունության մեխանիզմը (ESM), իսկ €300 մլրդ-ը՝ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF)՝ Հունաստանին, Իռլանդիային և Պորտուգալիային խոստացված ֆինանսական օգնության տեսքով։ Ընդ որում՝ €300 մլրդ-ում ներառված են Աթենքին արդեն հատկացված երկկողմ վարկերն ու Եվրամիության վարկերը. վարկային այս ծրագրերը կդադարեն գործել նոր համակարգի գործարկման դեպքում, և միջոցների առավելագույն ընդհանուր ծավալը կկազմի €700 մլրդ։

Սակայն մինչև այս ծրագրի ընդունումը ԱՄՀ-ի և Մեծ քսանյակի մի շարք անդամներ հայտարարել են, որ €700 մլրդ-ը «համոզիչ» գումար չէ՝ պահանջելով ավելացնել միջոցները մինչև €940 մլրդ։ Առաջարկը սակայն արժանացել էր Գերմանիայի քննադատությանը։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, իր հերթին, հայտարարել էր, որ եվրոգոտին արագորեն պետք է մեծացնի հակաճգնաժամային իր հիմնադրամների ծավալը մինչև €1 տրլն։

Հատկանշական է, որ որոշ երկրներ շարունակում են կողմ լինել նմանատիպ դիրքորոշման։ Օրինակ՝ Ճապոնիայի ֆինանսների նախարար Ձյուն Աձումին ապրիլի 11-ին հայտարարել էր, որ Եվրոպան այս ուղղութմաբ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթներն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ միջոցներ չի տրամադրի ԱՄՀ-ին, քանի որ վերջինս արդեն ունի զգալի ֆինանսական ռեսուրսներ։

Զարգացող խոշոր երկրների ներկայացուցիչները, ընդհակառակը, ակնարկել էին, որ իրենք կարող են լրացուցիչ միջոցներ տրամադրել ԱՄՀ-ին, սակայն փոխարենը պետք է հիմնադրամում ստանան ավելի շատ ձայներ։

Նշենք, որ ներկայում ԱՄՀ-ն տնօրինում է $400 մլրդ, որը նա կարող է տրամադրել վարկերի տեսքով։ Հիմնադրամը ցանկանում էր այս գումարը մեծացնել մինչև $500 մլրդ, սակայն մի շարք երկրների դժգոհության պայմաններում ֆոնդի ղեկավարությունը նվազեցրեց նպատակային ցուցանիշն առնվազն $100 մլրդ-ով։ Ծրագրերի ծավալների կրճատումը ԱՄՀ-ն պայմանավորում է նաև ընթացիկ տարում ֆինանսական շուկաներում տիրող անկայունությամբ։

Մյուս կողմից՝ 2011թ. դեկտեմբերին և 2012թ. փետրվարին ԵԿԲ-ի կողմից արտոնյալ վարկերի տրամադրման աճուրդների շրջանակում տարածաշրջանի բանկերին հատկացված $1 տրլն-ի ազդեցությունը կարծես աստիճանաբար անհետանում է։ Ավելին՝ իսպանական և իտալական պարտատոմսերի եկամտաբերությունը շարունակում է աճել։

Մեկնաբանել