Ապրիլի 26-ին Երևանում կտոնեն ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը

Ապրիլի 26-ին առաջին անգամ Հայաստանը տոնելու է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում աղջիկների միջազգային օրը:

Այս առիթով Հայաստանի Ամերիկյան Համալսարանում անցկացվելու է ֆորում, որի ընթացքում ելույթ են ունենալու ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառներում հաջողակ կին ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ից:

Աշխարհում բարձր որակավորում ունեցող ՏՀՏ մասնագետների պակասը գերազանցում է 2 միլիոնը: Չնայած այս փաստին` բազմաթիվ աղջիկներ չեն մտածում ՏՀՏ ոլորտում կարիերայի մասին:

2010թ. Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունեց բանաձև` նշելու «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» յուրաքանչյուր տարվա ապրիլի 4-րդ հինգշաբթի օրը և այդ կերպ ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարերիան: ՀՄՄ-ի հովանավորությամբ «ՏՀՏ ոլորտի աղջիկների օրը» նշվում է ամբողջ աշխարհում:

Երևանում կայանալիք միջոցառում-ֆորումը նախաձեռնել են «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկութունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ: ՄԻջոցառման աջակիցներն են նաև Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիային, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:

Մեկնաբանել