Երևանը 161 հատ 8,5-մետրանոց ավտոբուս ձեռք կբերի

Անգլիական ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել Երևանի համար: Նախատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7,5-8,5-մետրանոց, մնացածը՝ 12 և 18-մետրանոց ավտոբուսներ: Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 12-ի նիստին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս պահին հաստատում ենք 8,5-մետրանոց 161 ավտոբուսների գնումը, որոնք 90-95 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում: Մեզ համար կարևորը ոչ թե այն երկիրն է, որն արտադրում է, այլ կարևորը՝ ինչ պարամետրեր ենք մենք դրել: Ուզում եմ հպարտությամբ ասել՝ բավական շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Հայկ Մարությանի խոսքով՝ փետրվարի 15-ից կսկսի նոր երթուղի գործել՝ Ծարավ Աղբյուրից մինչև Երևանի ՋԷԿ․ «Այնտեղի բնակիչներն այսուհետև աշխատանքի կարող են գալ ոչ թե տաքսիներով, այլև մեր հարմարավետ, նոր ավտոբուսներով»,- ասել է նա։

«Ավտոբուսների ձեռքբերում երկար և շատ դժվար աշխատանք է պահանջել, նաև գիտեք՝ առկա պայմաններում հանրապետության շատ գործարարներ և արտադրողներ վախենում են ներդրումներ անել, այսինքն՝ պայմանագրեր կնքել, բայց մենք վստահեցրել ենք, որ մենք մեր պարտականությունները վստահ կկատարենք, և իրենք էլ իրենց կողմից կկատարեն մատակակարումը: Ծրագիրը պետք է շարունակական լինի: Մենք ուզում ենք առաջին քայլով ձերբազատվել այդ միկրոավտոբուսներից»,- նշել է քաղաքապետը։

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը հայտնել է, որ 161 միավոր 8,5 մետրանոց ավտոբուս ձեռք բերելու համար բյուջեից կհատկացվի 3,2 մլրդ դրամ։

Քաղաքապետարանից հայտնել էին, որ փետրվարի 5-ից «Գազել» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը: