Հունաստանում խորհրդարան են ընտրում

Ակնկալվում է, որ երկրի քաղաքական կյանքում արդեն 40 տարի գերիշխող ՊԱՍՕԿ (Համահունական սոցիալիստական շարժում) և պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցություններն ավելի քիչ ձայներ կստանան, քան նախորդ ընտրություններին՝ պայմանավորված խնայողության խիստ միջոցառումներից երկրի բնակչության աճող դժգոհությամբ։

3-տոկոսանոց շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարան մուտք գործելու համար, այս ընտրություններում կարող են հաղթահարել մինչև 10 կուսակցություն, ինչն աննախադեպ մեծ ցուցանիշ է։

Մյուս կողմից՝ խնայողության խիստ միջոցառումներն անհրաժեշտ նախապայման են Եվրամիությունից, Եվրոպական կենտրոնական բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից Աթենքի՝ շարունակական ֆինանսական օգնության ստացման ճանապարհին։

Նշենք, որ հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ «Նոր ժողովրդավարության»-ն աջակցում է բնակչության 20%-ը, ՊԱՍՕԿ-ին՝ 15%-ը՝ 2009թ. 44%-ի համեմատ։ Այս ընտրություններում կուսակցություններից և ոչ մեկը, ամենայն հավանականությամբ, կառավարություն ձևավորելու համար բավարար ձայներ չի ստանա։

Երկու կուսակցությունների՝ ԵՄ-ի կողմից պարտադրվող խիստ խնայողության քաղաքականությունը շարունակելու միակ հնարավորությունը կոալիցիոն կառավարության ձևավորումն է, ինչը հնարավոր կլինի, եթե խորհրդարանում նրանք միասին 151 մանդատ ստանան։
Մի շարք կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում առաջին տեղը կզբաղեցնի ՊԱՍՕԿ-ը, «Նոր ժողովրդավարություն»-ը երկրորդը կլինի, երրորդ հորիզոնականում կհայտնվի ձախ «Սիրիզա» միավորումը։ Այս դեպքում հետաքրքիր պատկեր է ստեղծվում։ Հունաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունները միասին 150 մանդատ չեն ստանում, կառավարության ձևավորմանը մասնակցում է նաև երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը։

«Սիրիզա»-ն՝ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, խոստացել է դադարեցնել խիստ խնայողության միջոցառումների իրականացումը և դրանց շուրջ բանակցությունները։ Նա միաժամանակ առաջարկել է կառավարություն ձևավորել ձախ ուժերի և ժողովրդական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հատկանշական է, որ եվրոգոտու երկրների ապագան մեծապես կախված է այսօր Հունաստանում և Ֆրանսիայում տեղի ունեցող ընտրությունների արդյունքերից։

Մեկնաբանել