Օբաման ու Ռոմնին ստեղծել են վիրտուալ քարոզարշավի շտաբեր

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և նրա մրցակից հանրապետական Միթ Ռոմնին համացանցում նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար փորձագետների շտաբեր են ձևավորել. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Անհրաժեշտ է վերլուծել նախընտրական մրցավազքն ամենայն մասնրամասնությամբ, և դրա համար մեզ Twitter-ն է օգնում»,- այսօր լրագրողներին հայտնել է Հանրապետական կուսակցության թեկնածուի մամլո քարտուղար Ռայան Ուիլյամսը:

Վիրտուալ տարածքում լուրջ պայքար է սկսվել առաջին հերթին համացանցում շատ ժամանակ անցկացնող օգտատեր տնային տնտեսուհիների ձայների համար: Այստեղ գործում են նաև քաղաքական գործիչների կանայք` Միշել Օբաման և Էնն Ռոմնին: Իրենց բլոգում նրանցից յուրաքանչյուրը տեղադրում է փաստարկներ, որ պիտի ԱՄՆ գեղեցիկ սեռին համոզեն աջակցել իրենց ամուսիններին:

Twitter-ը մշտապես օգտագործում է ԱՄՆ բնակիչների 13 տոկոսը: Ինչպես հավաստում են սոցիոլոգները, դա քաղաքականապես առավել ակտիվ խումբն է, որին մտահոգում է իր միջավայրի վրա քաղաքականության ազդեցությունը: Սպիտակ տան հավակնորդները հասկանում են, որ Twitter-ի ազդեցությունն ամերիկյան հասարակության վրա շարունակաբար աճում է: Եթե չորս տարի առաջ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունների օրն ամերիկացիներն այդ ցանցում գրել են 1.8 միլիոն հաղորդագրութուն, ապա այժմ տեղեկության այդ ծավալը միկրոբլոգում հայտնվում է միջին հաշվով ամեն ութ րոպեն մեկ:

Մեկնաբանել