Քաղաքապետը բազմաթիվ կարգադրություններ է արել

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում Երևանն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման և արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները:

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել է 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի, ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ծրագրերով արտաքին լուսավորությամբ ապահովել նաև բարեկարգվող բակերն ու այգիները:

Արդեն ավարտվել են նաև 437 նստարանների և 295 աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաև գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները և դրանք նույնպես փոխարինել նորերով: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում նոր նստարաններով և աղբամաններով կկահավորվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը. «Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման և ճաքալցման աշխատանքներն անորակ և թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները»,- ընդգծել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են նաև քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերով նախատեսված կանաչապատման և ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները: Նոր սիզամարգերի ստեղծման մասով արդեն ավարտվել են Դավիթ Բեկի փողոցի, Երևան-Եղվարդ խճուղու, Դավթաշենի կամրջի, ինչպես նաև Աթենքի փողոցի կամրջի հարակից հատվածների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին: Հանձնարարվել է նաև հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:

Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանն ու կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը` քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մասնակիցների կողմից երթուղիների սպասարկման մրցույթային պահանջների ապահովմանը, ինչով էլ կպայմանավորվի բնակչության սպասարկման որակի բարձրացումը. «Մինչև տարեվերջ փոփոխությունները պետք է տեսանելի լինեն մեր բնակիչների համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրին` քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն ու անհրաժեշտ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: «Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա»,- ընդգծել է քաղաքապետը` միաժամանակ հանձնարարելով հետևողականորեն իրականացնել նաև գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագիրը:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտադրել է սեփական եկամուտների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին հանձնարարվել է ապահովել գովազդային ցուցատախտակներից նախընտրական պաստառների հեռացման և մաքրման աշխատանքները:

Այս տարի վերջին զանգը մայրաքաղաքի դպրոցներում կհնչի մայիսի 25-ին: Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը, այնպես էլ նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը:

Մեկնաբանել