Չիկագոն՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի․ ցուցարարները «օկուպացնում» են քաղաքը

Նյու Յորքի «օկուպանտ» ակտիվիստների առաջին խումբն արդեն ժամանել է Չիկագո։ Նրանք ծրագրում են քաղաքում լայնամասշտաբ ցույցեր կազմակերպել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որն անցկացվելու է այնտեղ մայիսի 20-21-ին։ Ակնկալվում է, որ «օկուպանտներ» կժամանեն Լոս Անջելեսից, Վաշինգտոնից, Փորթլենդից և Միացյալ Նահանգների այլ խոշոր քաղաքներից։

Բացի «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցներից՝ Չիկագո են շարժվում այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բողոքի իր ցույցն են պատրաստվում կազմակերպել ՆԱՏՕ-ի, Մեծ ութնյակի, պատերազմի ու աղքատության դեմ կոալիցիայի անդամները։

Այս շաբաթվա սկզբից Չիկագոյում տեղի են ունենում տեղի «Գրավի՛ր Չիկագոն» շարժման ակտիվիստների ելույթներ։ Երկուշաբթի նրանք գրավել էին շենքը, որում տեղակայված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը։ Ոստիկանությունը ձերբակալել էր ութ մարդու։ Երեքշաբթի բողոքի ակցիա էր տեղի ունեցել դատարանի շենքի դիմաց. ձերբակալվել էր չորս մարդ։

Ֆինանսական կառույցների որոշ ղեկավարներ իրենց աշխատակիցներին անգամ կարգադրել են գործնական կոստյումը փոխարինել առօրյա հագուստով, որպեսզի փողոցում քայլելիս չառաջացնեն ցուցարարների զայրույթը։

«Գրավի՛ր Չիկագոն» շարժումն առաջացել է «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումից, որը սկսվեց Նյու Յորքում անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին, ապա տարածվեց ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրներում։ Ցուցարարները պահանջում են բարձրացնել հարկերը հարուստների համար, դեմ են գործազրկությանն ու ֆինանսական ինստիտուտների գործունեությանը, որը ըստ նրանց՝ «ֆինանսական ահաբեկչություն» է։

Մեկնաբանել