Արամ Սարգսյանի ճանապարհը

Այսօր հայտնի դարձավ, որ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի կազմում այն գործիչներից էր, որը քննադատում էր ազատ և արդար ընտրությունների շուրջ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Նրա ընտանիքը վերջին շրջանում աչքի էր ընկնում գործող իշխանության տարբեր օղակների հետ ընդգծված բարեկամական հարաբերություններով:

Դժվար է ասել, թե ընտրական գործընթացներով պայմանավորված ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությո՞ւնն է բացասական ազդում ՀԱԿ-ի վարկանիշի վրա, թե՞ իր շարքերում մի գործիչ ունենալը, որն ընկերական-բարեկամական հարաբերություններ ունի այն իշխանության կարկառուն ներկայացուցիչների հետ, որին ՀԱԿ-ը բոնորոշում է որպես «հանցավոր ռեժիմ»: Գաղտնիք չէ, որ Հայաստանը երկիր է, որտեղ ընկերական, բարեկամական կամ խնամիական հարաբերություններն արդեն վաղուց վերածվել են քաղաքական կատեգորիայի և քաղաքական որոշումների կայացման վրա հսկայական ազդեցություն են ունենում:

Միգուցե Արամ Զավենիչը ինքնակամ բյուրեղացնո՞ւմ է Կոնգրեսի շարքերը: ՀԱԿ-ի ներկա ձևաչափը արդեն վաղուց սպառել է իրեն, և հասունացել է այդ կառույցի ներսում բովանդակային ռեֆորմների անհրաժեշտությունը: Կոնգրեսը լքող յուրաքանչյուր գործիչ ավելի է դրդում այդ ուժին ներքին ռեֆորմների գնալու:

Արամ Սարգսյանը, հեռանալով ՀԱԿ-ից, կարող է համալրել այն քաղաքական ուժերի շարքը, որոնք ընդդիմադաիր դաշտում փորձում են վիճարկել ՀԱԿ-ի՝ այսպես ասած՝ մենաշնորհային ընդդիմության կարգավիճակը: Խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը տապալվեց այդ գործում և չկարողացավ հասարակությանը համոզել, որ կարող է այլընտրանք լինել Կոնգրեսին: Հավանաբար Արամ Սարգսյանն ուղղորդված կերպով գնում է նոր շունչ հաղորդելու Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի նախաձեռնությանը, և ամենայն հավանակնությամբ նա կփորձի ՀԱԿ-ից ռևանշ վերցնել 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Քիչ հավանական է, որ Արամ Սարգսյանը միայնակ փորձի ձևավորել այլընտրանքային ընդդիմություն և հայտ ներկայացնի նախագահական ընտրություններին: Ռեսուրսների և հանրային աջակցության սակավությունը նրան պարզապես հնարավորություն չեն տալիս նման գործունեություն ծավալել, եթե, իհարկե, Արամ Սարգսյանի օրակարգում չկա նախագահական ընտրությունների ժամանակ տոկոս փախցնող գործչի գործառույթ որդեգրելը, բնականաբար՝ որոշակի պայմաններով: