Ընտրությունների դիահերձումը

Մայիսի 6-ին Հայաստանում ընտրություններ չեն եղել, և միջազգային դիտորդների զեկույցներն էլ դրանց մասին չեն եղել։ Սա հեշտ է ապացուցել։ Վերցնենք ՀԱԿ-ի քվեն։ 2008թ. նախագահի ընտրություններում Տեր-Պետրոսյանը պաշտոնական արդյունքներով հավաքել էր 21,5 տոկոս։ Նրա գլխավորած Կոնգրեսը այս տարվա մայիսի 6-ին հավաքեց 7,8 տոկոս։ Քաղաքակիրթ աշխարհում չորս տարվա մեջ ձայներն այսքան կատաղի արագությամբ չեն փոշիանում։ Հայաստանի դեպքում դա առավել ակնհայտ պետք է լիներ մի պարզ պատճառով՝ Տեր-Պետրոսյանը պայքարը չի դադարեցրել, և նրա գաղափարներն այսօր էլ արդիական են։ Այսինքն՝ իշխանության գլխին են կոռումպացվածները կամ, նրա բառերով, ավազակները, որոնք երկիրը դարձրել են սեփականություն։ Սա բոլորը գիտեն, և նրանք, ովքեր նրա հետ են, և նրանք, ովքեր դեմ են նրան։ Ոչ ոք սա չի վիճարկում։

Իշխանությունը, ՀԱԿ-ի հեղինակությունը հասցնելով 7 տոկոսի, ցույց է տալիս, որ նրա գաղափարներն արդիական չեն։ Կամ, եթե նույնիսկ, արդիական են, Տեր-Պետրոսյանն այլևս այն առաջնորդը չէ, որի խոսքերը համոզիչ են հնչում։ Սակայն թվերի այն անդունդը, որ ընկած է 2008թ. և 2012թ. միջև, ոչ թե ՀԱԿ-ի օգտին չի խոսում, այլ «ընտրություն» հասկացության։ Ցանկացած միջազգային դիտորդի համար սա տեսանելի է։ Դիցուք Գերմանիայում Ռախստայգ մտնող քաղաքական ուժերը ավանդաբար ունեն նույն տոկոսները իրենց նախորդ քվեից՝ պլյուս-մինուս 5 տոկոս։ Մարդիկ ֆիքսել են քաղաքական ուժերի գաղափարները և հաջորդ ընտրություններում այդ պլյուս-մինուս 5 տոկոսը ընդամենը նրանց՝ նախորդ տարիներին կատարած աշխատանքների գնահատականն է։ Ընդ որում՝ այդ 5 տոկոսը սովորաբար նրանք են, որոնք ընկած են արագ արդյունքների կամ խիստ սոցիալական ցուցանիշների հետևից։ Մեզ մոտ, բնականաբար, այդպես չէ՝ չհաջողվե՞ց Տեր-Պետրոսյանին 2008թ. հեղափոխությունը, պետք է կորցնի ամբողջ 14 տոկոս։ Սա դեռ պաշտոնական ցուցանիշներով։

Ես կարող եմ հանգիստ թողնել քվեների այս կատաստրոֆիկ տարուբերումը։ Ես կարող եմ կենտրոնանալ քվեարկողների վերաբերմունքի վրա։ Ինքնին պարզ է, որ ընտրություններ չեն եղել, որովհետև գաղափարախոսություններ չեն առաջարկվել։ Այս ընտրությունների հիմնական թեման այն էր՝ ինչպե՞ս կկեղծի իշխանությունը, և պաշտպանվելու ի՞նչ ռեսուրսներ ունի ընդդիմությունը։ Իշխանությունը կեղծեց, ընդդիմությունը ձեռքերը ծալած նստեց։ Միջազգային դիտորդները Հայաստան գալիս արդեն գիտեին, որ ներկա են գտնվելու մի արարողության, որի մասին իրենց զեկույցն ավելի նման է լինելու դիահերձման կամ դիակի մարմնի դատաձգաբանական փորձաքննության։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ արձանագրեցին միջազգային դիտորդները։ Նրանք վերցրին «ԱԺ ընտրություններ» կոչվող զոհի մարմինը և որպես հրավիրված կրիմինալիստներ արձանագրեցին՝ ծեծուջարդից հետո «ԱԺ ընտրություններ-2012» կոչվող զոհի ներքին օրգանները լուրջ վնասներ չեն կրել, գլուխը պահպանել է իր ամբողջականությունը, սակայն գլխի վրա կան բութ գործիքի հետքեր, որոնք պետք է արժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը։ Ձեռքերի վրա կան կապտուկներ, հուսով ենք, որ դրանք կբացակայեն հաջորդ «ԱԺ ընտրություններ-2012» կոչվող զոհի մարմնի վրա։ Միջազգային դիտորդները Հայաստան են գալիս զուտ կրիմինալիստական առաքելությամբ՝ փաստելով, որ ընտրությունների հետ իրենց առաքելությունը կապ չունի։ Երբ նրանք ասում են, որ քվեարկության ընթացքում առաջընթացը տեսանելի է, նկատի ունեն վերքերի և ուժային այլ գործոնների պակասը։ Այսինքն՝ նրանք ի սկզբանե բռնության չափն են դիտարկել։ Ես ուշադիր եմ կարդացել եվրոպական դիտորդների զեկույցը. նրանք ակնարկում են, որ 2013թ. նախագահի ընտրություններում մեզանից քաղաքակիրթ քվեարկություն չեն ակնկալում, նրանք ակնարկում են, որ մեր տիպի երկրներում «ԱԺ ընտրություններ» կոչվող մարմնի ինֆարկտը գերադասելի է բռնությամբ սպանությունից։ Այս ընտրություններում նրանք առաջընթացի մասին չխոսեցին զուտ այն պատճառով, որ այդ առաջընթացը սպասվում է 2013թ.։