Սպասումներն արժեզրկել են դրամը

Դրամի արժեզրկման տենդենցը «մեկնարկեց» մայիսի 14-ին՝ թափ հավաքելով հաջորդող օրերին։ Այս ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում էր նույնիսկ այն պայմաններում, երբ Կենտրոնական բանկը ձեռնարկում էր կտրուկ արժեզրկումը կանխելու քայլեր։

Այսպես, այս շաբաթվա ընթացքում ԿԲ-ն շրջանառությունում առկա կանխիկ դրամի ծավալը կրճատել է մոտ 5 մլրդ դրամով, անցած շաբաթ՝ ևս 8 մլրդ-ով։ Բացի այդ՝ կատարվել են դոլարային ներարկումներ՝ անցած շաբաթ ԿԲ-ն բորսայում վաճառել է $7,25 մլն։

Նշենք, որ կենտրոնական բանկում դեռ չեն հրապարակել այս շաբաթվա ընթացքում բորսայում մասնակցության տվյալները, սակայն դատելով գործարքների ծավալից՝ ԿԲ-ն ամենայն հավանականությամբ շարունակել է ինտերվենցիաների գործելաոճը։

Մայիսի 21-25-ը արտարժութային շուկայում բոլոր արժույթներով գործարքների ծավալից երևում է, որ այս շաբաթ ներքին շուկա ավելի քիչ դոլար է մուտք գործել, թեև նախորդ շաբաթվա համեմատ $10 մլն-ով ավելացել է դոլարի պահանջարկը։

Ըստ էության, այս շաբաթ արտարժութային շուկայում առկա է եղել դոլարի առաջարկի և պահանջարկի ավելի քան $20 մլն-ի ճեղք և այն փակելու համար բանկերը դիմել են բորսայի օգնությանը։ Գումարի մի մասը, ամենայն հավանականությամբ, բավարարել է ԿԲ-ն։

Նշենք, որ շաբաթվա ընթացքում բորսայում իրականացվել է ընդհանուր առմամբ $33,16 մլն-ի գործարք, ընդ որում՝ ծավալի հիմնական մասն իրացվել է երկու օրում (մայիսի 22-ին՝ $20 մլն և մայիսի 25-ին՝ $12,86 մլն)։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ «Նասդաք ՕէՄէՔս Արմենիա» բորսայում դոլարի առք ու վաճառքի գործարքների ծավալը կրկնապատկվել է։

Թեև Հայաստանում պարբերաբար հնչող տեսակետների, թե թույլ դրամը նպաստում է արտահանմանը, բայց առ այսօր որևէ հստակ հաշվարկ չի ներկայացվել, թե դրամի 1% արժեզրկման արդյունքում քանի տոկոսով է ավելանալու արտահանումը։

Շատ ավելի իրական են դրամի թուլացման բացասական հետևանքները մի շարք ապրանքային շուկաներում, որտեղ, մասնավորապես, առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ։ Շաքարավազի, ձեթի, ալյուրի գները, օրինակ, արդեն բարձրացրել են 3-10 դրամով։ Հաշվի առնելով գերիշխողների «ախորժակները»՝ դրամի արժեզրկման միտումների պահպանման դեպքում մեծ է գների դեպի վեր ճշգրտման հնարավորությունը, ինչն անմիջապես հարվածելու է սոցիալապես խոցելի խմբերի ընտանեկան բյուջեին։

Մեկնաբանել