Մալիում նոր պետություն է ստեղծվում

Մալիի կենտրոնական իշխանության դեմ կռվող անջատողականները՝ «Անսար Դին» իսլամիստական խմբավորումը (ենթադրվում է, որ կապված է «Ալ Կաիդայի» հետ) և տուարեգների Ազգային ազատագրության շարժումը համաձայնագիր են ստորագրել նոր պետություն ստեղծելու նպատակի մասին, հաղորդում է Reuters-ը:

Իսլամիստներն ու տուարեգները փաստացի վերահսկում են Մալիի տարածքի մեծ մասը: Տարեսկզբին նրանք գրավել էին երկրի երկու մեծ քաղաքներ՝ Գաոն և Թիմբուկթուն: «Ամսար Դինը» պահանջում էր, որ նվաճված տարածքներում շարիաթի օրենքներ գործեն, որին դեմ էին տուարեգները: Արդյունքում Թիմբուկթուն բաժանվել էր երկու մասի: Այժմ այդ քաղաքում ընդհանուր վարչակազմ կլինի:

Մալիում վիճակը սրվել է Լիբիայում Մուամար Կադաֆիի անկումից հետո, որը տասնյակ հազարավոր տուարեգների ներգրավում էր իր բանակում և վարձատրում:

(Լուսանկարում՝ տուարեգներ՝ ազգային տարազով)

Մեկնաբանել