«Կերպարվեստ»-ի ուրախ-տխուր գույները

Խորհրդային տարիներին լույս տեսնող «Սովետական արվեստ» ամսագիրը լուսաբանում էր ժամանակի արվեստի գրեթե բոլոր նորությունները, արտացոլում մշակութային կյանքն իր տարբեր դրսևորումներով և զարգացման միտումներով: Լինելով Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության և Կինեմատոգրաֆիստների պետական կոմիտեի ամսագիրը՝ այն ծավալում էր բանավեճեր, անդրադառնում մշակույթի անվանի գործիչների հոբելյաններին, ակնարկներ ներկայացնում նրանց կյանքի ու ստեղծագործության մասին: Նրա էջերում ցոլանում էին թե՛ կերպարվեստի, թե՛ թատրոնի ու կինոյի, թե՛ ռադիոյի և հեռուստատեսության և թե՛ օպերայի ու բալետի նվաճումներն ու ձեռքբերումները, խոսվում անհաջողությունների պատճառների, վերացման ուղիների մասին: Ավելին՝ հաճախ նաև թատերական պիեսներ ու կինոսցենարներ էին տպագրվում, գրախոսություններ լույս տեսնում նոր հրատարակությունների մասին:

Խորհրդային տարիների վերջալույսի հետ վերջակետ դրվեց նաև ժամանակին հեղինակավոր այդ պարբերականի գործունեությանը: Շատ տարիներ պիտի անցնեին մինչև 2002-ին լույս աշխարհ գար հայրենի և սփյուռքի մերօրյա մշակույթն իր բազմածալ դրսևորումներով լուսաբանող «Հայարվեստ» ամսագիրը (հիմնադիր խմբագիր՝ Կարեն Մաթևոսյան): Վերջինս, սակայն, երկար ընթացք չունեցավ՝ մինչև 2008թ. ներառյալ:

Մյուս կողմից, զուտ կերպարվեստի խնդիրները քննող ու մեկնաբանող հանդես մենք չենք ունեցել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ անկախությանը հաջորդած տարիներին: Այս առումով հայ մամուլի պատմության մեջ ողջունելի էր «Կերպարվեստ» պարբերականի ի հայտ գալը 2003-ին: Բարեբախտաբար, այն այսօր էլ, ի հեճուկս առկա ֆինանսական դժվարությունների, շարունակում է տպագրվել՝ որպես Հայաստանի նկարիչների միության պարբերական: Սկզբում ամսաթերթ էր, այսօր այն լույս է տեսնում անկանոն ռիթմով: «Կերպարվեստի» ուրախ-տխուր գույների մասին որոշեցի զրուցել պարբերականի հիմնադիր գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանի հետ:

Պրն. Առաքելյան, անդրադառնանք պարբերականի ստեղծման պատմությանը։

– Աշխատում էի Գրողների միությունում՝ որպես «Հորիզոն» գրական-մշակութային շաբաթաթերթի պատասխանատու քարտուղար: Հետաքրքրված էի ՀՀ-ում գործող ստեղծագործական բոլոր միությունների, առավել ևս դրանցից ամենամեծի՝ Հայաստանի նկարիչների միության գործունեությամբ և խնդիրներով:

Մի օր էլ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ինձ առաջարկեց գլխավորել նորաստեղծ «Կերպարվեստ» ամսագրի խմբագրական աշխատանքները: Սիրով համաձայնեցի՝ մանավանդ որ այդ միությունը երբեք չէր ունեցել նմանօրինակ պարբերական:

Առաջին հատորը լույս տեսավ 2003թ. սեպտեմբերի 5-ին: Այն ողջունեցին ավագ, միջին և երիտասարդ սերնդի բոլոր նկարիչները: Սկզբում լույս էր տեսնում փոքր ծավալով և 2 ամիսը մեկ: Գլխավոր նպատակը մեր միության աշխատանքները, ավանդական և ժամանակակից արվեստը լուսաբանել էր, ինչպես նաև արվեստի գնահատման համընդունելի չափանիշային սանդղակ ձևավորելը։

Իսկ ովքե՞ր էին լինելու թղթակիցները։

– Հատուկ թղթակիցների հաստիքներ չունեինք և այժմ էլ չունենք: Ողջ ծանրությունն ընկնելու էր Նկարիչների միության արվեստաբանության բաժանմունքի անդամների, ինչպես նաև երիտասարդ ուժերի վրա: Վերջիններիս համար այն լինելու էր և, բարեբախտաբար, եղավ մի ամբիոն, որը հնարավորություն տվեց նրանց բացվելու և դառնալու արվեստի հմուտ քննադատներ: Չմոռանամ նշել, որ մեր ամսագիրն ընդգրկված է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի համակարգում: Ասեմ նաև, որ պարբերականում մենք միշտ էլ մեծ տեղ ենք տվել գրել մեր ավագ ու կրտսեր սիրողական նկարիչներին:

Մի՞թե Ձեզ չեն գոհացնում մեր պարբերական մամուլում լույս տեսնող և ռադիոյով ու հոռուստատեսությամբ հեռարձակվող հրապարակումներն ու հաղորդումները։

– Իհա՛րկե, ոչ: Ասպարեզը, ցավոք, տրված է ոչ արհեստավարժ մարդկանց: Իմ տպավորությամբ առանձնանում են «Ազգ» և «Օրակարգ» թերթերը, որտեղ պատշաճ ուշադրություն է դարձվում մերօրյա արվեստին:

Մեկ տարի է, ինչ լույս չէր տեսնում «Կերպարվեստ»-ը։ Միայն վերջերս այն հրատարակվեց գունավոր ծավալուն տարեհամարով։ Խանգարող պատճառնե՞ր կային։

– Հիմնական խնդիրը ֆինանսների բացակայությունն է: Վերջին 3 տարիներին տարեկան մեկ կամ երկու համար է լույս տեսնում: Դրանք, որպես կանոն, անվճար բաժանվում էին միության անդամներին: Այժմ ստիպված ենք այն վաճառել 1000 դրամով: Անցած ժամանակաշրջանում հատուկենտ կազմակերպություններ ու մարդիկ եղան, որոնք օգնության ձեռք մեկնեցին մեզ: 2007-ին, օրինակ, «Ֆորում» ընկերության նախագահ Վիկտոր Մնացականյանի աջակցությամբ կարողացանք մեկ համար լույս ընծայել: Այս տարի, ցանկացած գնով, մինչև տարեվերջ 3-4 համար ենք լույս ընծայելու: Մանավանդ որ՝ տասնյակ հոդվածներ պատրաստ են և սպասում են իրենց հերթին:

Ում մինչ «Կերպարվեստ»-ի խմբագրասենյակում զրուցում էի գլխավոր խմբագրի հետ, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ ներս մտավ ԱՊՀ երկրների նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Մասուդ Ֆատկուլինը: Նա իր հետ բերել էր Մոսկվայում օրերս լույս տեսած «Հայկական կերպարվեստ» գունավոր շքեղ պատկերագիրքը: Վերջինիս շնորհանդեսը տեղի կունենա շուտով:

Մեկնաբանել