AstraZeneca, թե Սպուտնիկ V․ կորոնավիրուսի պատվաստանյութեր և աշխարհաքաղաքականություն

կորոնավիրուս պատվաստում-պատվաստանյութ

Շվեդական Svenska Dagbladet թերթը հոդված է հրապարակել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի մասին։ Ըստ թերթի՝ դեղամիջոցի դեմ սև քարոզարշավ է իրականացվում։

Քարոզչության գործի՞ք, թե՞ փրկություն։ Մինչ AstraZeneca պատվաստանյութի պատվաստումները դադարեցվել են, Ռուսաստանը հույս ունի, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կօգնի արագացնել զանգվածային պատվաստումը: Բայց այս պատվաստանյութը պառակտում է սերմանում ԵՄ-ում, և քննադատներն այն համարում են ռուսական ազդեցության քարոզարշավի մաս։ Թեմայի վերաբերյալ Թոմաս Լունդինի հոդվածը՝ թարգմանաբար։

Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը անձամբ է դիմավորել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը դեռ չի հաստատվել Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից: Դրանից կարճ ժամանակ անց Սլովակիան հայտնվեց կառավարական խորը ճգնաժամի առաջ։

«Ռուսաստանը «Սպուտնիկ V»-ն օգտագործում է որպես հիբրիդային պատերազմ վարելու գործիք»,- զայրացած հայտարարեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Նա վարչապետին մեղադրեց Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու ու Եվրոպական միության պառակտմանն օգնելու մեջ։

Սլովակիան մեծապես տուժել է համավարակից, և այժմ, ինչպես հարևան Չեխիան և Հունգարիան, նախընտրում է պատվաստումների հարցում ոչ մեկից կախված չլինել և սեփական ճանապարհով գնալ: Հետևաբար, Դեղամիջոցների եվրոպական գործակալության հավանությանը այն չի սպասում։

Եվրոպայի մյուս մասերում ռուսական պատվաստանյութը նույնպես բուռն զգացմունքներ է առաջացնում։ Հատկապես Ուկրաինայում, որտեղ տրամադրությունները ձևավորվում են Ղրիմի ռուսական անեքսիայի ու Դոնբասի հակամարտության շուրջ։ Փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան վերջերս Euroactiv լրատվական կայքին տված հարցազրույցում ասել էր. «Սպուտնիկ V»-ն 20 տոկոսով է դեղամիջոց, իսկ մնացած 80 տոկոսով ՝ քարոզչություն է»։

ԵՄ երկրներում պատվաստումների դանդաղությունը և բնակչության աճող դժգոհությունը, ըստ քննադատների, իսկական երկնային մանանա է Մոսկվայի համար:

Մոսկվայի հետ կապված լրատվամիջոցների տարածած գաղափարն այն է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին խոչընդոտելու համար, թեև Եվրոպային աղետալի կերպով չեն հերիքում պատվաստանյութերը:

«Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի հակառակորդները փորձում են խաթարել նրա նկատմամբ վստահությունն աշխարհում, քանի որ այն լավագույններից մեկն է, և նրանք պարզապես վախենում են դրանից»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ասել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ապատեղեկատվության մասին ԵՄ տվյալների բազայում զետեղված են հոդվածների այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են «Շվեդիայում 64 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո» կամ «Եվրոպայից պատվաստանյութը պիտանի է միայն աֆրիկացիներին ստերջացնելու համար»:

Չնայած քննադատություններին՝ «ռուսական ապատեղեկատվության» հանդեպ, ոչ ոք կասկածի չի ենթարկում ռուսական պատվաստանյութի որակը։ Այն հավանության է արժանացել և կիրառվում է երեք տասնյակ երկրներում։ Պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 90 տոկոսը, և պարտադիր չէ, որ այն պահվի ցածր ջերմաստիճաններում, ինչպիսին պահանջում են Pfizer-Biontech-ի կամ Moderna-ի պատվաստանյութերը։

Պատվաստանյութի մշակումը ֆինանսավորող «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ այժմ Ռուսաստանը պատրաստ է մինչև 700 միլիոն չափաբաժին հասցնել այլ երկրներին և դրանով իսկ ապահովել մոլորակի ամբողջ բնակչության մեկ տասներորդ մասի առաջին ներարկումը:

«Պատվաստումներ կանեն Հնդկաստանում, Չինաստանում, Հարավային Կորեայում»,- ասել է նա վերջերս Բլումբերգին տված հարցազրույցում։ Իտալիայում «Սպուտնիկ V» արտադրելու պայմանագիր են կնքել շվեյցարական Adienne Pharma & Biotech ընկերության հետ: «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը հայտնել է նաև Գերմանիայում պատվաստանյութի արտադրության շուրջ գերմանական մի ընկերության հետ ձեռքբերված պայմանավորվածության, ինչպես նաև Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի հետ ընթացող բանակցությունների մասին։

Շվեդիայում պատվաստանյութերի հետ աշխատանքի համակարգող Ռիկարդ Բերգստրոմը կարծում է, որ այդ երկրում «Սպուտնիկ V»-ն կարող է հայտնվել արդեն հունիսին:

Ռուսաստանի համար, որը պատժամիջոցների է ենթարկվում Ղրիմի անեքսիայի և Ալեքսեյ Նավալնիի ու ռեժիմի քննադատների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով, դա դիվանագիտական հաղթանակ կլինի:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել