Մարուքյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է մոլորեցնել Վենետիկի հանձնաժողովին

«Իմ քայլը» Վենետիկի հանձնաժողով է ուղարկել մի նախագիծ, իսկ արտահերթ նիստով ընդունելու համար բերել մեկ այլ։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

Խորհրդարանը քննարկում է ընտրակարգի փոփոխության նախագիծը, որը ներկայացրել են երկու անկախ և երկու «Իմ քայլը» խմբակցությունից  պատգամավորներ։ Այս փաստաթղթով նախատեսվում է «ռեյտինգային» համակարգը փոխարինել պարզ համամասնականով։

«Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ այնտեղ մարդիկ չեն տեսնում, որ ուրիշ բան եք ուղարկել, մեկ այլ բան ընդունում եք»,- նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանին հարց տվեց Մարուքյանը։

«Այն ինչ այս փոփոխությամբ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում, այստեղ չկա որևէ նորություն, որը հանձնաժողովին չի ուղարկվել»,- պատասխանեց Հովակիմյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունը խաղի կանոններ է փոխում. «Ձեր ուզած օրը ընտրություն անենք, ձեր ուզած ընտրակարգով։ Էլ ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար անենք»,- հարցրեց պատգամավորը։

Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ ոչ թե խաղի կանոններն են փոխվում, այլ ընտրակագն է պարզեցվում։ Նա նաև հավելեց, որ 2018-ին Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընտրությունից 48 օր առաջ էր օրակարգ մտել, մինչդեռ այսօր 80 օր շուտ է առաջարկվում։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ «ռեյտինգային» համակարգը մշտապես եղել է քննադատության առարկա։ Նա նշեց, որ առաջիկայում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք պետք է լուծեն ներքաղաքական ճգնաժամը, ուստի որոշել են այդ ընտրություններին գնալ առանց «ռեյտինգային» ցուցակների՝ ներդնելով պարզ համամասնական ընտրակարգ։

«Կա հստակ հանրային պահանջ, որ հենց այս փուլում պետք է այս փոփոխությունն ընդունենք ու հրաժարվենք «ռեյտինգային» ցուցակներից»,- հայտնեց Հովակիմյանը՝ հավելելով, որ բացի ընտրակարգի փոփոխությունից նաև նախագծում ներմուծվել են դրույթներ՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Փաստաթղթի հեղինակները նախագիծն ուղարկել են նաև նախագահի աշխատակազմին, որպեսզի առարկությունների դեպքում Արմեն Սարգսյանը նախապես իրենց տեղեկացնի։

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնեց, որ 2018-ի հեղափոխությունից անցել է երեք տարի և միայն այսօր է որոշում կայացվել փոխել ընտրակարգը։

Ըստ Հովակիմյանի՝ նախկինում ձևավորվել էր Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով, որը նախատեսում էր Սահմանադրության լրացում, նոր միայն Ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Նրա խոսքով՝ ներքաղաքական իրավիճակի լարումը ստիպեց այս փուլում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք շրջանառության մեջ դրվեցին մարտի սկզբին, նախատեսում էին առավել ծավալուն բարեփոխումներ՝ վարչական քարոզարշավի, ռեսուրսի կիրառման, ընտրությունների թափանցիկության և այլ հարցերի վերաբերյալ։ Այս կետերը նոր նախագծում չեն ներառվել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել