Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչների միջնորդությունները

Վարչական դատարանը ապրիլի 2-ին երկու որոշում է կայացրել՝ մերժելով ինչպես կառավարության, այնպես էլ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Պատասխանող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ներկայացրել էր միջնորդություն՝ ՀՀ վարչական դատարանի մարտի 17-ի որոշմամբ սահմանված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:

Ըստ դատավոր Մհեր Պետրոսյանի՝ «պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար»։

Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչն էլ դատարանից խնդրել էր՝ մինչև այս գործով վերջնական դատական ակտ կայացվելը ժամանակավորապես ճանաչել ոչ միայն Գասպարյանին գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության, այլ նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանը գտել է, որ «հայցվորի փաստարկները որևէ կերպ չեն հիմնավորում այն հանգամանքը, որ ներկայացված հայցի ապահովման միջոցը չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել միջնորդության քննության պահին առկա հայցի հնարավոր բավարարման վերաբերյալ վերջնական դատական ակտի կատարումը, հատկապես այն պայմաններում, երբ այդ պահին առկա հայցի մասով հայցի ապահովում դատարանի կողմից արդեն իսկ կիրառված է: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ «հայցվորը զրկված չէ այս գործով հրավիրվելիք նախնական դատական նիստի ընթացքում հայցի առարկան և հիմքը լրացնելուց հետո հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ նույն միջնորդությունը կրկին ներկայացնելու հնարավորությունից»:

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

Մարտի 10-ին կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Ավելի ուշ Գասպարյանն այդ հրամանագիրը վիճարկեց Վարչական դատարանում։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշել կիրառել հայցի ապահովման միջոց՝ մինչև հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: «Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,- այդ ժամանակ հայտարարել էր Գասպարյանի ներկայացուցիչներից Արթուր Հովհաննիսյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել