«Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է»․ Գերասիմովը

Ապրիլի 14-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուրախ եմ Ձեզ ողջունել Մոսկվայում։ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,- բանակցությունների սկզբում ասել է ՌԴ գլխավոր շտաբի պետը։

Գերասիմովը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի կապերն ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշն, ըստ նրա՝ «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:

«Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և միշտ պատվիրակությունները բարձր մակարդակով են ներկայացված։ Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ փոխգործակցության հրատապ հարցերը»,- ասել է Գերասիմովը:

Մեկնաբանել