Արցախի ոստիկանությունը համայնքների վրա կրակոցների վերաբերյալ փաստեր է հավաքում՝ խաղաղապահներին ներկայացնելու համար

Ստեփանակերտի, Շոշ, Մխիթարաշեն և Թաղավարդ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Արցախի ոստիկանությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ոստիկանությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 13 բն. 46 հասցեից Խ.Մ.-ն (ծնված 1984թ.) ոստիկանություն է դիմել, որ ապրիլի 20-ին ժամը 15:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաձիգով կրակ է արձակվել իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը:

Դեպքի վայր է մեկնել Արցախի ոստիկանության համակարգի հետաքննության բաժանմունքի հետաքննիչը: Պարզվել է, որ նշված բնակարանի ուղղությամբ կրակել են 7.62 տրամաչափի զինատեսակից (գնդացիր կամ AK-47):

Կրակելու պահին տանը եղել է Խ.Մ.-ն իր 2 անչափահաս տղաների հետ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Այս պահին ԱՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում գործի հետագա ընթացքը որոշելու համար:

Նշենք, որ սոցիալական ցանցերում շրջանառվող Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ևս նախարարությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Մեկնաբանել