Շվեդիայից Հայաստան տեղափոխված և Երևանի Տերյան փողոցում մի քանի քառակուսի մետրի վրա փոքրիկ պիցերիա հիմնած Արամ Մարդանյանը ընկել է Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների ծուղակը՝ տուգանվելով 600 000 դրամով։ Այս պատմության ամենահետաքրքիր դրվագը այն մեթոդն է, որով ՊԵԿ աշխատակիցները տուգանել են տնտեսվարողին․ «օպերացիան» տևել է մի քանի օր, ընդգրկվել են ՊԵԿ տարբեր աշխատակիցներ, ու ի վերջո բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում նրանց հաջողվել է խախտումներ գտնել Արամի և նրա նշանածի՝ Անի Միրզախանյանի հիմնած Ray’s Pizza Shop-ում (իրավաբանական գործունեությունն իրականացնում է «Պալմիրա ֆուդ» ՍՊԸ-ն)։
Արամ Մարդանյանը Հայաստան է տեղափոխվել 2018-ին՝ 12 տարի Շվեդիայում ապրելուց հետո։ Ինչպես ինքն է ասում, որոշել էր վերադառնալ Հայաստան, և հեղափոխությունը նպաստեց դրան։ Մոտ երկու տարի սպասարկման ոլորտում աշխատելուց հետո Արամը որոշում է հիմնել իր պիցերիան, սակայն կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը անընդհատ հետ են գցել Արամի ու Անիի պլանները։ Ի վերջո այս տարեսկզբին Տերյան փողոցում նրանք տարածք են վարձակալում։ «Բազմաթիվ բաներ, պահանջներ կային, որ պիտի բավարարեինք՝ թաղապետարանից, սննդի տեսչությունից, ու այնքան թույլտվություններ կային, որ եթե դու ոլորտում նոր ես, կարող ես խճճվել»,- պատմում է Անին։ Տարածքը վարձակալելուց հետո Արամն ու Անին սկսել են վերանորոգում կատարել, վառարաններ ու այլ անհրաժեշտ իրեր գնել, ու ինչպես իրենք են նշում, մինչ այս պահը արդեն ծախսել են 26 000 դոլարից ավելի գումար՝ այս փոքր բիզնեսի կայացման համար։ Ray’s Pizza Shop-ը բացվել է 2021-ի հունվարին։ Արամի ու Անիի խոսքով՝ բացումից ի վեր իրենց կատարած աշխատանքից, շրջանառությունից գոհ են։
Հարկայինի թակարդը
Փետրվարին պիցերիա է այցելում 55-60 տարեկան մի մարդ՝ գյումրեցու բարբառով։ «Այդ պապիկը մտավ այստեղ ու դժգոհեց՝ ասաց Երևանում մարդիկ կոպիտ են, իրար չեն բարևում, չեն ուզում իրար հետ խոսել, ոչ ոք իր հետ չի ուզում նարդի խաղալ, երեխաներս և այլն, և այլն։ Խղճահարություն առաջացնող բաներ էր ասում, պատմում էր, որ թոռները բարեգործական ինչ-որ գործեր են անում և այլն։ Բայց տվեցինք պիցցան, գնաց ինչպես կարգն է»,- հիշում է Արամը։
Հաջորդ առավոտ կանուխ Ray’s Pizza է այցելում երիտասարդ մի տղա՝ պիցերիայի բացվելուց մի քանի րոպե անց, ու շտապ պիցցա պատվիրում՝ տանելու համար։ «Անգամ ասաց օրեգանո կարող ես չավելացնել, արագ տանելու ենք, դրսում ենք ուտելու»,- ասում է Արամը։ Թե՛ «գյումրեցի պապիկը», թե՛ «երիտասարդը» միասին վերցրած երկու անգամ օգտվում են Արամի ու Անիի սննդի կետից։ Երրորդ անգամ մտնելով պիցերիա՝ «գյումրեցի պապիկը» մտնում է, բարևում, 5000 դրամ տալիս, պիցցա ընտրում ու ասում, որ իր երեխաները պիցցան կվերցնեն երեկոյան. «Ասացինք՝ երեկոյան միանգամից կգաք, կվճարեք, ասեց՝ չէ, չէ, չէ, խնդրում եմ փողը վերցրեք, համարս գրեք։ Նա փողը դնում է սեղանի ծայրին, իսկ ես գրանցում եմ համարը, ժամը, որ պիտի վերցնի։ Գումարը մնում է, ես իմ գործն եմ անում, ու այդ ընթացքում, միանգամից այդ պապիկի հետևից մտնում է մեզ մոտ այն տղան, որ առավոտ կանուխ պիցցա էր արագ խնդրել ու ասում է՝ ես հարկայինից եմ, կարո՞ղ եմ ձեր ՀԴՄ սարքերն ու մյուս սարքավորումը ստուգել։ Մենք նույնիսկ նախորդ հաճախորդի՝ այդ պապիկի մասին խոսակցությունը չէինք ավարտել։ Ասում էի՝ Արամ, մեղք էր այդ պապիկը և այլն, բայց այդ տղան, որ հարկայինից էր, խոստովանեց, որ պապիկը հարկայինի աշխատող է»,- պատմում է Անի Միրզախանյանը։ ՊԵԿ աշխատակից երիտասարդները նույնիսկ նախորդ «հաճախորդի» կանխավճարն են հետ վերցնում՝ հիմնավորելով, որ դա «պետական փող» է և ապացուցելով, որ իրենք երկուսն էլ եղել են ՊԵԿ աշխատակիցներ։
Արամին ու Անիին 600 000 դրամով տուգանելու հիմքում ՊԵԿ աշխատակիցները դրել են այն հանգամանքը, որ երեկոյան հաճախորդին տրվելիք պիցցայի կանխավճարը չի գրանցվել, կանխավճարը հավաստող համապատասխան ՀԴՄ կտրոն չի տպվել. «Երբ իրենք նախկինում եկել են, մենք պարտաճանաչ ՀԴՄ ենք տվել, դրանք կան։ Ես պարզապես պապանձվել կանգնել էի, աչքերիս չէի հավատում։ Անգամ իրենք խոստովանեցին, որ երկու անգամ եկել են մեզ մոտ, ու ՀԴՄ տպվել է»,- նշում է Արամը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ աշխատակիցները, ակտը կազմելով, ուրախացել են, թե ինչքան հեշտ են կարողացել հիմքեր ստեղծել տնտեսվարողին տուգանելու համար։ «Եթե իրենց կազմած ակտը 600 000 դրամի չափով հաստատվի, մենք երկու ամիս պետք է անվճար աշխատենք, այսինքն պիտի աշխատավարձ չստանանք։ Մեր բոլոր ծախսերը պիտի հանենք, վարձ, կոմունալ և այլն, բայց աշխատավարձ ստանալ չենք կարող երկու ամիս»,- հաշվել է Արամը։ Այս դեպքից հետո վերջինս կասկածով է սկսել վերաբերվել բոլոր հաճախորդներին։ Ասում է՝ կասկածում է բոլոր այն մարդկանց, որոնք մտնում են պիցերիա և արագ պիցցա խնդրում։ Սպասում են, որ քիչ անց նույն մարդը որպես ՊԵԿ աշխատակից հայտնվելու է ակտ կազմելու համար։
Հարկահավաքներ Հակոբ Նազարեթյանը և Արթուր Իվանյանը
Գյումրեցու բարբառով խոսող պապիկը, որը մոտեցել է Արամի ու Անիի սննդի կետին ու պարբերաբար զրույցի բռնվել, իսկ հետո հիմքեր ստեղծել տուգանելու համար, եղել է հարկային տեսուչ Հակոբ Նազարեթյանը, իսկ երիտասարդը, որ մի քանի անգամ օգտվել է պիցերիայից, ապա հայտնաբերել, թե իբր կանխիկ միջոցը մուտք չի արվել հաշվիչ դրամարկղային մեքենա, եղել է գլխավոր հարկային տեսուչ Արթուր Իվանյանը։ Արամն ասում է՝ ՀԴՄ կտրոններ տպելը երբեք իրենց համար վախով պայմանավորված գործողություն չի եղել. «Մենք ՀԴՄ տրամադրել ենք, որովհետև ես հավատում եմ հանրային համերաշխությանը, հավատում եմ, որ մարդը պիտի հարկ տա իր պետությանը»։
* * *
Հայաստանի կառավարությունն ու Պետեկամուտների կոմիտեն չափազանց գոհ են իրենց հավաքված հարկերի ծավալից։ Ապրիլի 1-ին կառավարության նիստը մեկնարկեց հենց այս խոսակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ հայտնեց, որ այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները գերակատարվել են 20 միլիարդ դրամով։ «Կարծում եմ, բավական լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար: Եվ ուզում եմ, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարևորագույն մասնակիցներն են: Իհարկե, շատ կարևոր է ընդգծել նաև պետական մարմինների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը, վարչարարության բարելավումը, որը, անկասկած, նույնպես իր կարևոր դերակատարումն ունի այս գործընթացում»,- ասաց Փաշինյանը։
Մկրտիչ Կարապետյան