Բալոտելին թաղեց գերմանացիների երազանքը (տեսանյութ)

Իտալիայի հավաքականը Վարշավայի «Ազգային» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի հավաքականին և պատմության մեջ 3-րդ անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ի դեպ իտալացիները 4-րդ անգամ էին խաղում Եվրոների կիսաեզրափակիչներում և առաջին անգամ գոլի հեղինակ դարձան հիմնական ժամանակում:

Դիտարժան, ակտիվ, գոլառատ, գեղեցիկ ֆուտբոլ ակնկալողները չհիսթափվեցին: Արդեն 5-րդ րոպեին գերմանացիները կարող էին բացել հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո Մատս Հյումլեսը հարվածեց և Պիրլոն դատարկ դարպասից դուրս հանեց գնդակը:

12-րդ րոպեին Բուֆոնի սխալից հետո Բարցալին կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց բախտը ժպտաց իտալացիներին: 1 րոպե անց Տոնի Կրոսի հուժկու հարվածից հետո Բուֆոնն արդեն տեղում էր: Շուտով իտալացիները հավասարեցրին խաղը, Մոնտոլիվոն ու Կասանոն մեկական անգամ հեռվից ստուգեցին Նոյերի զգոնությունը, Բունդեսթիմի դարպասապահը տեղում էր: Իսկ 20-րդ րոպեին Անտոնիո Կասանոն ձախ եզրում 1 շարժումով ազատվեց 3 պաշտպանի հսկողությունից ու գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Բալոտելին բարձր ցատկեց գերմանացի պաշտպաններից ու ոչ մի շանս չտվեց Նոյերին` 1:0:

http://youtu.be/MwtJmnFA_Co

Գոլից հետո իտալացիները կրկին նախաձեռնությունը զիջեցին ու սկսեցին գրագետ պաշտպանվել: 22-րդ րոպեին Կասանոն կրկին գերազանց փոխանցում կատարեց, բայց հարվածային դիրքում հայտնված Կլաուդիո Մարկիզիոն հապաղեց ու կորցրեց պահը, 1 րոպե անվ Սամի Խեդիրան մոտ 30 մետրից շատ ուժեղ հարված կատարեց, Բուֆոնը մեծ դժվարությամբ ետ մղեց գնդակը:

36-րդ րոպեին Մարիո Բալոտելին վերջնականապես տվեց «ինչո՞ւ է Չեզարե Պրանդելին անվերապահորեն վստահում Բալոտելիին» հարցի պատասխանը: Մոնտոլիվոն հրաշալի փոխանցումով Մարիոյին մեն-մենակ դուրս բերեց Նոյերի առջև, վերջինս շատ չմոտեցավ դարպասապահին և թնդանոթային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի մոտակա վերին անկյունը` 2:0: Երկրորդ գոլից հետո իտալացիները հանգստացրին խաղը և մինչև ընդմիջում մրցակցին թույլ չտվեցին վտանգավոր գրոհ կազմակերպել:

Ընդմիջումից անմիջապես հետո Յոախիմ Լյովը խաղադաշտ մտցրեց Մարկո Ռոյսին և Միրոսլավ Կլոզեին, նրանք փոխարինեցին Պոդոլսկուն ու Կլոզեին: Գերմանիայի ընտրանին անընդհատ փորձում էր ուժեղացնել ճնշումը, բայց Պրանդելիի պաշտպաններն անսխալ էին գործում և գնդակը հազվադեպ էր հասնում Բուֆոնին: Փոխարենը իտալացիների հակագրոհներն էին չափազանց վտանգավոր. 67-րդ և 75-րդ րոպեներին Կլադիո Մարկիզիոն կարող էր հաշիվը խոշոր դարձնել: 82-րդ դեպքում «Յուվենտուսի» կիսապաշտպանը պարզապես ժլատություն արեց. նա կարող էր գնդակն ուղարկել Բալոտելիի փոխարեն խաղադաշտ մտած Անտոնիո Դի Նատալեին, ով կգրավեր դատարկ դարպասը, բայց նախընտրեց ինքը հարվածել, գնդակը շեղ ընթացավ:

Շուտով իր հնարավորությունն ստացավ նաև Դի Նատալեն, ով միայնակ հայտնվեց Նոյերի դիմաց և պարտավոր էր հաշիվը դարձնել 3:0, բայց շեղ հարվածեց: Վերջին 10 րոպեի ընթացքում Լյովի սաներն ընդհանրապես չէին նահանջում, բայց իտալացիները շարունակում էին գերազանց պաշտպանվել, մինչև մրցավարի ավելացրած 2-րդ րոպեն, երբ գնդակը դիպավ Բալցարետիի ձեռքին և մրցավարը նշանակեց 11 մետրանոց, Օզիլը չվրիպեց` 2:1: Վերջին 1.5 րոպեն շատ լարված պայքարում անցավ, բայց նոր գոլեր չգրանցվեցին: Իտալիան հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի գործող չեմպիոն Իսպանիայի հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել