Մի շարք երկրների տնտեսական կանխատեսումները կիջեցվեն․ Լագարդ

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն իր անհանգստությունն է հայտնել համաշխարհային տնտեսական իրադրության վատթարացման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

Լագարդի խոսքով՝ զարգացած և արագ զարգացող երկրների համար կանխատեսումն ավելի տագնապալից է դարձել և չի բացառում տնտեսության աճի տեմպերի հետագա դանդաղումը։

«ԱՄՀ-ն ընթացիկ ամսվա վերջում կիջեցնի տնտեսական կանխատեսումները մի շարք երկրների համար, քանի որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և զարգացող մի շարք շուկաների տնտեսական վիճակագրությունը կայուն վատացել է»,- ասել է Լագարդը։

Ակնկալվում է, որ ԱՄՀ-ն իր հաջորդ՝ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցը կհրապարակի հուլիսի 16-ին։ Համանման նախորդ փաստաթղթում՝ հրապարակված 2012թ․ ապրիլին, հիմնադրամը համաշխարհային տնտեսության կանխատեսումը 2012թ․ համար 3,3%-ից բարձրացրել էր մինչև 3,5%, իսկ 2013թ․ համար՝ 3,9%-ից մինչև 4,1%։

Հատկանշական է, որ Լագարդի հայտարարությունը հաջորդել է նախօրեին Եվրոպական կենտրոնական բանկի, Անգլիայի բանկի և Չինաստանի բանկի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացման մասին հայտարարություններին։

Մեկնաբանել