Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցով քննարկումներ են ընթանում․ Կոպիրկին

Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այդ հարցը Ռուսաստանի ղեկավարության և խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջնահերթություններից է։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն ի սկզբանե հայտարարվել է՝ «բոլորը բոլորի դիմաց», բայց կլուծենք այնպես, ինչպես դա հնարավոր է»,- ասել է դեսպանը։

Կոպիրկինը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցին։ Նա նշել է, որ այս առումով առարկայական քննարկումներ են ընթանում։

«Գիտեք՝ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են։ Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղակայված են ռուս սահմանապահների դիրքեր, որոնք նպաստում են, որ իրավիճակը հանգիստ, կայուն լինի»,- ասել է Կոպիրկինը։

Նրա խոսքով ՝ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչներն իրենց առավելագույնս հարմարավետ զգան նոր անսովոր պայմաններում:

Ինչ վերաբերում է Գեղարքունիքում սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայմանը, Կոպիրկինը նշել է․ «Այդ հարցերի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ, խորհրդակցություն, այդ թվում ՝ գործնական առումով։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության շահերով, սահմանին կայունության ապահովմամբ և ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմամբ»։