Մահացել է երգիչ Հայկոն

Կորոնավիրուսից մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հայկոն 48 տարեկան էր։

Սեպտեմբերի 21-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց։

Հայկոն 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

Մեկնաբանել