Կաշառք տալու և ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավված պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև տնտեսվարողների կողմից վերջիններիս կաշառք տալու դեպքեր։

«Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1 մլն դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ: Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի դրանից, նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ։

Ծառայությունից տեղեկացնում են, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք։ Նրանց կաշառք տված անձանցից 3-ին ևս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Մեկնաբանել