Ուժեղացված ստուգումներ՝ հանրային տրանսպորտում

Գեղեցիկ Ոսկանյան

Հոկտեմբերի 8-ից հանրային տրանսպորտի միջոցներում ուժեղացված ստուգումներ են․ դիմակ չկրող քաղաքացիներն իջեցվում են, խիստ ծանրաբեռնված տրանսպորտային միջոցը թեթևացվում է, ստուգվում է, թե տրանսպորտային միջոցում որքանով է պահպանվում սանիտարահիգիենիկ վիճակը։ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանի խոսքով՝ մինչ այժմ մշտադիտարկվել է 6 000 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 735 արձանագրություն։ Ստուգումներն իրականացնում է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը՝ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ու պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ։ Միջոցառումներն սկսվել էին օգոստոսի 18-ից, սակայն ուժեղացվել են հոկտեմբերին։

Ուժեղացված ստուգումներն իրականացվում են ինչպես Երևանում, այնպես էլ այլ մարզերում՝ ամենօրյա ռեժիմով։ Արձանագրություններն էլ կազմվում են և՛ ուղևորների, և՛ վարորդների, ինչպես նաև կանոնավոր երթուղին շահագործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Դիմակ չկրող անձը ենթարկվում է պատասխանատվության նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն՝ 10 հազար դրամ։

Ուժեղացված վերահսկողության իրականացումը քաղաքացիների կողմից մեծամասամբ բացասական արձագանք է ստանում։ Նրանք այս օրերին կրկին տրանսպորտի սակավության հարցն են բարձրացնում։ Երևանի քաղաքապետարանից պատասխանում են՝ իրենք քաջ տեղյակ են խնդիրներից։

«Դրա արդյունքն է, որ շարժակազմերի քանակը տարիների ընթացքում մաշվել է և դուրս է եկել մաշվածության պատճառով, մի մասն էլ, կառավարության համպատասխան որոշումը կա, որ 15 տարին լրացած մեքենաները պետք է դուրս գան երթուղիներից, ու դրանք արդեն դուրս են եկել։ Դրա փոխարեն քաղաքապետարանը շատ արագ տեմպերով երթուղին համալրեց փոքր դասի 100 ավտոբուսներով։ Հասկանալով իհարկե, որ ունենք համավարակ, երթուղիներում գերծանրաբեռնվածություն, սպասարկման խնդիրներ՝ քաղաքապետը հանձնարարեց մեկ օր շուտ սկսել նոր՝ 8,6 մետր երկարություն ունեցող ավտոբուսների ներկրման պրոցեսը։ 211 շարժակազմ արդեն իսկ ներկրվել է և դրանք առաջիկայում փաստաթղթային աշխատանքներից հետո կհամալրվեն երթուղիներ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։

Ըստ Էդգար Գալստյանի՝ դիմակ չկրող անձին չեն իջեցնում, առաջարկում են դիմակ կրել։ Այլ բան է, որ նա չի ցանկանում դիմակ կրել։ Նա հավելում է, որ քանի դեռ շարժակազմերի քանակը չի ավելացել, այս վիճակը անխուսափելի է, իսկ ավելացնելու համար անհրաժեշտ քայլերն արդեն արված են։

Բողոքներ են ստացվում նաև խիստ բեռնվածության պարագայում տրանսպորտային միջոցը թեթևացնելուն ուղղված պարեկների աշխատանքի վերաբերյալ։ Գալստյանը զգուշացնում է՝ այո, վարորդներին հրահանգ է տրված ծանրաբեռնվածության պարագայում չկանգնել շատ կանգառներում։ Իսկ եթե ընտրություն պետք է կայացնել աշխատանքից ուշանալու կամ առողջության միջև, միանշանակ ընտրել երկրորդը։

Մեկնաբանել