Հայաստանը լոքդաունի չի գնալու. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսային լարված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում 3 050 մահճակալ մշտապես զբաղված է։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 27 բժշկական հաստատություններ պրոֆիլավորված են կորոնավիրուսի դեմ պայքարի գծով, 1 088 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 307-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 157 քաղաքացիներ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին․ «Դելտա շտամն ավելի ագրեսիվ ընթացք ունի հղիների մոտ, այս պահին կա հոսպիտալացված 122 հղի կին, նրանցից 53-ի մոտ կա թոքաբորբ»,- հայտարարեց Ավանեսյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ 3 050 հոսպիտալացված քաղաքացիներից միայն 96-ն են, որ եղել են պատվաստված, իսկ վերակենդանացման բաժանմունքներում 1 500-ից միայն 5 քաղաքացիներ են, որ եղել են պատվաստված, ինչը նշանակում է, որ պատվաստումները մեծապես օգնում են հոսպիտալացումից խուսափել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը լոքդաունի չի գնալու. «Պետք է դիմակների կրման խստացում լինի ու չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք։ Մենք գնալու ենք բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,- հայտարարեց Փաշինյանը։

Վերջինս հայտարարեց՝ նախորդ օրը 23 000 պատվաստում է եղել, սակայն պատվաստումային գործընթացում դեռևս կեղծիքներ ու չարաշահումներ կան։ Կեղծ պատվաստումային սերտիֆիկատներ տրամադրելու գործերով որպես մեղադրյալներ անցնում են 10 բուժաշխատողներ, 6 անձ կալանավորված է։

Մեկնաբանել