Թուրքիայի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում. հայացք Անկարայից

«Փոթորիկ Կովկասում» գրքի հոդվածագիրներից մեկը թուրք քաղաքագետ Քերիմ Հասն է։ Նրա հոդվածը վերնագրված է «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության արտացոլում»։ Հասը ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ Ենթավերնագրերը՝ ՍիվիլՆեթի։

«Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գիրքը հրատարակել և խմբագրել է ռուսական «Սպառազինությունների արտահանում» ամսագրի հիմնադիր, Մոսկվայի Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ՌԴ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ Ռուսլան Պուխովը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի նախաձեռնողական և հանդուգն ներգրավվածությունը հետխորհրդային տարածքում ռազմական գործողություններին թուրքական պետության արտաքին և ռազմական ջանքերի ակտիվացման առաջին նման օրինակն է։ Պաշտոնական Անկարայի գործողությունները միայն ավելացրին լարվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում և մեծամասամբ հարցականի տակ դրեցին հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու ապագան։

Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղում 2020-ի իրադարձությունների զարգացումը կարելի է դիտարկել որպես Անկարայի վարած արտաքին քաղաքականության ռազմավարության օղակներից մեկը։

Մի շարք գործոններ ցույց են տալիս, որ Անկարան շատ հարցերում եղել է Բաքվի առաջատար ձեռքը՝ ոչ միայն ադրբեջանական զինված ուժերի պատրաստման գործում. նա ակտիվ մասնակցություն է ունեցել անմիջապես գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև բուն մարտական գործողություններին:

Թուրքիայի տրամաբանությունը հիմնականում հանգում էր Կրեմլից զիջումներ կորզելուն

Անկարան ցույց է տվել Լեռնային Ղարաբաղում իր շահերն ապահովելու ձգտումը՝ միաժամանակ Մոսկվայից հասնելով այլ տարածաշրջաններում մանևրելու ավելի մեծ տարածության։ Թուրքիայի ղեկավարության տրամաբանությունը հիմնականում հանգում էր Կրեմլից զիջումներ կորզելուն՝ Թուրքիայի «մերձավոր արտասահմանում» արտաքին քաղաքական առևտրին՝ Հարավային Կովկասում կայունության պահպանման դիմաց։ Նկատի ունենալով այն փաստը, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն իր համար շանս էր տեսնում Լեռնային Ղարաբաղում դրված նպատակներին հասնելու համար՝ ռուսական կողմը պաշտոնական Անկարայի հետ փոխհարաբերությունների բնույթը հաշվի առնելով, ստեղծված պայմաններում նախընտրեց գնալ ծագող ռիսկերի կառավարման, այլ ոչ թե դրանց կանխարգելման ճանապարհով:

Փաշինյանի գործոնը

Չի կարելի հաշվի չառնել նաև այսպես կոչված՝ Փաշինյանի գործոնը, որը մեծապես կանխորոշեց ադրբեջանա-հայկական հակամարտությանը թուրքական մասնակցության վճռականությունը։

Մի կողմից, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի կերպարի տեսան ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից Մոսկվայի շահերին չհամապատասխանող առաջնորդի։ Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական նոր ղեկավարության գործողությունները 2018-ից հետո՝ արևմտյան ինստիտուտների հետ համագործակցության ընդլայնման օգտին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ռուսական հեռուստատեսության հեռարձակման սահմանափակումը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության ընդհանուր մթնոլորտը՝ Անկարան և Բաքուն կանխագուշակել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բաց փուլի դեպքում Կրեմլի աջակցությունը Փաշինյանին զուսպ է լինելու:

Մյուս կողմից, ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Ռուսաստանի ղեկավարությունը կարող էր նաև հնարավորություն տեսնել Հայաստանի քաղաքական վերնախավին դաս տալու և որոշ առումով թուլացնելու նրա դիրքերը ներքաղաքական դաշտում։ Մոսկվան, ինչպես հայտնի է, վաղուց էր պնդում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի գրաված յոթ շրջաններն աստիճանաբար խաղաղ փոխանցվեն ադրբեջանական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պայմանավորվածություններին համապատասխան։ Ավելին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մի քանի ամիս առաջ այս հարցի շուրջ լարվածություն առաջացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի իշխանությունների միջև։ Անկարայի կարծիքով՝ դա վերահաստատեց հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Երևանի մոտեցումների տարբերությունը:

Բաքուն և Անկարան կարողացան հասնել պատերազմում Մոսկվայի չեզոքությանը

Գլխավոր նպատակներից մեկը, որ Բաքուն և Անկարան դրել էին իրենց առջև, հասնելն էր Մոսկվայի առավել զուսպ և հնարավորինս չեզոք դիրքորոշմանը ոչ միայն ադրբեջանական կողմի առաջխաղացման, այլև ռազմական գործողություններին թուրքական զորակազմի ակտիվ մասնակցության դեպքում: Ակնհայտ է, որ Մոսկվայի չեզոքության հարցը Բաքվի և Անկարայի համար որոշակիորեն լուծվեց դրական ձևով, և Ռուսաստանը մինչև որոշակի պահ չդիմադրեց ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը: Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվել, և նրա անկախությունը չի ճանաչել անգամ Հայաստանը, Ռուսաստանի պաշտոնական պատասխանատվությունը թե՛ ՀԱՊԿ, թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակում չէին տարածվում հակամարտության գոտու վրա։

Այս բոլոր հանգամանքները ապահովեցին Բաքվի և, համապատասխանաբար, Անկարայի գործողությունների հարաբերական ազատության հնարավորությունը։ Բացի Փաշինյանի գործոնից՝ Ռուսաստանին անհրաժեշտ էր հաշվի առնել Ադրբեջանի փոփոխված դերը Հարավային Կովկասում, քանի որ հիմա, ի տարբերություն Ղարաբաղյան առաջին պատերազմի, Բաքուն դարձել է Մոսկվայի կարևոր գործընկերը սկսած էներգետիկայի բնագավառից մինչև հումանիտար-մշակութային հարաբերություններ։

Մոսկվան հաստատեց իր որոշիչ դերը տարածաշրջանում

Չնայած Ռուսաստանն այդքան էլ ակնհայտ չհակադրվեց 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական մասնակցության փաստին՝ 2020-ի նոյեմբերի 10-ի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվեց Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից, տեղի ունեցավ առանց Թուրքիայի մասնակցության։ Հակամարտության մեջ Անկարայի ակտիվ ներգրավվածությունը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը կրկին հաստատվել է որպես գերիշխող ուժ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում: Եթե մինչև պատերազմը Ռուսաստանի իրական ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում զրոյացվել էր, ապա դրա ավարտից հետո և Գաբալայի ռուսական ռազմակայանի փակումից ութ տարի անց Մոսկվան Ադրբեջան է վերադարձել երկհազարանոց ռազմական զորակազմով և հաստատել իր որոշիչ դերը տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության բոլոր կապերի պահպանման և ապագայում բացման գործում, ներառյալ՝ Լաչինի և Նախիջևանի միջանցքների:

Այս համատեքստում կրակի դադարեցման վերահսկման խաղաղապահ կենտրոնի տեղակայումը ռիսկերի կառավարման Ռուսաստանի հետևողական քաղաքականության օրինակ է, երբ, հաշվի առնելով երրորդ ուժի առկայությունը, Կրեմլին ոչ միայն հաջողվեց նվազագույնի հասցնել դրա ուղղակի մասնակցության կորուստները, այլև փաստացի բացահայտ ցույց տալ Անկարայի քաղաքական քաշի տեսլականը: Ավելին, Մոսկվայի, Երևանի և Բաքվի՝ ինը կետից բաղկացած եռակողմ հայտարարությունում բացակայում են ոչ միայն Թուրքիան, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Հայաստանի ու Ադրբեջանի կախվածությունը ավելի է մեծացել Մոսկվայից, իսկ Կրեմլը Մինսկի խմբի մյուս համանախագահների դերի նվազման ֆոնին Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմին կարողացել է շրջել իր օգտին։ Չնայած Անկարայի առջև բացվել է Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապի հեռանկարը, հարց է ծագում այդ կապի անարգել և ազատ գործողության մասին. Նախիջևանի միջանցքի բացման դեպքում ցանկացած տեղաշարժ հնարավոր կլինի բացառապես Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վերահսկողության ներքո:

Բրիտանիան շարունակեց աջակցել Թուրքիային, Ադրբեջանին

Հետաքրքրական է փաստը, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բազմաթիվ պետությունների հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Անկարա-Լոնդոն փոխգործակցությունը ոչ միայն բարդությունների չհանգեց, այլև շարունակեց զարգանալ առանցքային ուղղություններով: Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրությունը կախված է աշխարհի տարբեր երկրներից, առաջին հերթին՝ Անգլիայից տեխնոլոգիաների մատակարարումից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, չնայած անօդաչու թռչող սարքերի դետալներ մատակարարող երկրներից մի քանիսը (Կանադան և Ավստրիան) պատժամիջոցներ սահմանեցին Թուրքիայի նկատմամբ, Մեծ Բրիտանիան ոչ մի սահմանափակում չմտցրեց և շարունակեց Անկարային մատակարարել անհրաժեշտ ռազմական սարքավորումները:

[…]

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը և Անկարայի վարած քաղաքականությունը վկայում են այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը երկրորդ ջութակն է վերջին տարիներին Լոնդոնի և Մոսկվայի միջև ծավալվող հիբրիդային պատերազմում։ Այստեղ հարկ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հաշվի առնելով միայն British Petroleum-ի ներդրումները Ադրբեջանի նավթագազային հանքավայրերում և նախագծերում՝ Բրիտանիայի համար Բաքվի նշանակությունն անհամեմատելի է Երևանի նշանակության հետ։

Անկարայի քաղաքականությունը տեղավորվում է ՆԱՏՕ-ի ռազմավարությունում

Ղարաբաղյան տարածաշրջանում Անկարայի վարած քաղաքականությունը ՆԱՏՕ-ի ռազմավարությունը հետխորհրդային տարածքում ներդաշնակեցնելու Թուրքիայի ռազմական ակտիվության ընդլայնման գործընթացի օղակներից մեկն է։ Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել նման իրավիճակը նշանակալի հետաքրքրության առկայության դեպքում։ Ինչպես երևում է, Արևմուտքի որոշ երկրների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում, Արևելյան Եվրոպայի երկրներում, Ուկրաինայում և Աֆղանստանի միջոցով՝ Կենտրոնական Ասիայում, կարող է նշանակալի օգուտներ բերել:

Անկարան Ղարաբաղում շոշափեց Մոսկվայի կարմիր գծերը

Էրդողանը երկար ժամանակ այս կամ այն կերպ համբերություն էր դրսևորում Ռուսաստանի հանդեպ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում։ Եվ հենց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Անկարան առաջին անգամ իր ռազմական գործողություններով այդքան ակնհայտ ցույց տվեց հետխորհրդային տարածքում Մոսկվայի անվտանգության կարմիր գծերը շոշափելու ցանկությունը։

․․․

Հոդվածը կարդացե՛ք ռուսերեն՝ Вторая карабахская война как отражение внешнеполитической стратегии Турции: Взгляд из Анкары

«Փոթորիկ Կովկասում» գրքից հոդվածներ՝ ստորև․

Ռուսաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղում․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Պատրաստել է Կարեն Հարությունյանը

Մեկնաբանել