2020-ի արցախյան պատերազմի վերջում՝ նոյեմբերի 4-ին, ադրբեջանական ուժերը սկսեցին Շուշիի վրա հարձակման գործողությունները, նոյեմբերի 7-ին քաղաքն ընկավ։ Շուշիի մարտերի վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է շուրջ երեք տասնյակ զինծառայողների, պահեստազորայինների, կամավորների ու քաղաքացիական անձանց հետ՝ հասկանալու քաղաքի մարտերի աշխարհագրությունը ու բնույթը։ Նրանց գերակշիռ մասը տեղեկություն է տրամադրել՝ անանուն մնալու պայմանով։ ՍիվիլՆեթը օգտվել է նաև բաց աղբյուրներից, այդ թվում՝ մարտերին մասնակցած ադրբեջանցիների տվյալներից, ինչպես նաև գրականությունից։
«Ով տիրում է Շուշիին՝ տիրում է Արցախին». ինչպես ընկավ Շուշին
«Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ հինգ, թշնամու գերնպատակն է՝ տիրանալ Շուշիին, ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշին՝ տիրում է Արցախին»,- հոկտեմբերի 29-ին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նոյեմբերի 4-ից ադրբեջանական ուժերը սկսեցին հարձակումը Շուշիի ուղղությամբ՝ միաժամանակ հրթիռակոծության տակ պահելով Ստեփանակերտ և Բերձոր քաղաքները։
Մեր զրուցակիցների, ինչպես նաև ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Շուշիի վրա հարձակվել է ադրբեջանցի 1 000-3 000 զինվորական․ նախնական գնահատականներով հարձակումն իրականացվել է երկու հիմնական ուղղություններից։ Նրանց սկզբնական փորձերը տապալվել են։ Նոյեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ-ից մի տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր՝ ինչպես են ադրբեջանական ուժերը անտառային հատվածից բարձրանում Լիսագոր-Շուշի ճանապարհ ու ոչնչացվում։
Ադրբեջանցիները չէին հասցրել հրետանին մոտեցնել քաղաքին, հարձակումն իրականացվում էր բացառապես հետևակի միջոցով՝ առանց զրահատեխնիկայի։ Հակառակորդն այդ մարտերում օգտագործել է հատուկ ջոկատայինների և թեթև հետևակի գրեթե ողջ ներուժը։ Քանի որ հրետանին դեռևս չէր մոտեցվել մարտական գործողությունների վայր ու չէր կարող կրակով օգնել նրանց, հարվածները հասցվում էին հեռահար համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ԱԹՍ-ների միջոցով։
ՍիվիլՆեթի զրուցակիցների պատմությունները համադրելով՝ ստացվում է հետևյալ պատկերը․ հայկական ուժերն արձանագրել են, որ առաջին անգամ հակառակորդին հաջողվել է անցնել թիկունք՝ Բերձորից դեպի Շուշի ճանապարհի վրա՝ աջ մասում գտնվող ենթակայանի մոտով՝ Քարին տակի մոտից (լուսանկարում՝ հարձակման 1-ին ուղղություն)։
Սա եղել է հիմնական ուղղությունը, որտեղից ադրբեջանական ուժերը ծավալվել են։ Նրանք ճանապարհով շարժվել են դեպի Շուշիի խաչմերուկ (լուսանկարում՝ հարձակման 1.1 ուղղություն)՝ քաղաքի ցուցանակի դիմաց (այս հատվածում ներկայում ռուս խաղաղապահների ուղեկալն է), մեկ այլ խումբ էլ Ղազանչեցոց փողոցով մտել է քաղաք ու տեղակայվել Շուշիի տարբեր հատվածներում (լուսանկարում՝ հարձակման 1.2 ուղղություն)։ Այդ մասին է վկայում նաև պատերազմի ժամանակ քաղաքի տարածքում զինվորականներին տարհանող ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանի պատմությունը։
«Դա շրջափակում չէր, այլ ծուղակ, նեղացող ծուղակ»
Տիտան Ասատրյանը ՍիվիլՆեթին հայտնել է, թե նոյեմբերի 6-ի գիշերը Շուշի քաղաքից ու մերձակայքից վիրավորներ են եղել. «Նոյեմբերի 6-ի ցերեկը վիրավորների թիվն ավելանում է, մարտերը թեժանում են»,- պատմում է Ասատրյանը։ Նրա խոսքով՝ զինծառայողները վիրավորում ստացել էին Ղազանչեցոց փողոցի սկզբնամասում տեղակայված էլեկտրական ենթակառուցվածքների մոտ․ սա Քարին տակից դեպի հիմնական ճանապարհ տանող հատվածն է։ Նոյեմբերի 6-ին, ըստ մեր զրուցակցի, արդեն տեղանքի զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ. «Դա շրջափակում չէր, այլ ծուղակ, նեղացող ծուղակ»։
Ադրբեջանցիները նաև կարողացել են ճակատը ճեղքել՝ Լիսագորից դեպի Շուշի ընկած հատվածում՝ անտառներով բարձրացել ու փակել են ճանապարհը (Լուսանկարում՝ հարձակման 2-րդ ուղղություն) և զբաղեցրել նպաստավոր դիրքեր հարակից բարձունքներում, այդպիսով՝ Շուշիի ենթակայանի մոտ շրջափակման մեջ պահելով հայկական ուժերին (Լուսանկարում՝ հարձակման 2.1 ուղղություն)։
Բացի այդ, ադրբեջանական ուժերը շատ փոքր խմբերով, տարբեր հատվածներում հնարավոր բոլոր «անցքերով» քաղաք են մտել՝ անցնելով հայկական ուժերի թիկունք։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ թիկունքում առնվազն երկու օր հակառակորդի տարբեր խմբեր են եղել, մինչև հիմնական գործողությունները սկսելը։
«Միգուցե նրանք մեզ նկատել էին, սակայն բավականաչափ համբերատար սպասել են հիմնական գործողության մեկնարկին: Ըստ էության նրանք մեր թիկունքում են եղել 5-6-ի արանքում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Այս դրվագի վերաբերյալ որոշ մանրամասներ ենք գտնում նաև ադրբեջանական մամուլում։ Ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկը պատմել է, որ Քարին տակի մոտով շրջանցել են հայկական ուժերին ու ժայռերը մագլցելով մտել բերդաքաղաք՝ անակնկալի բերելով հայ զինծառայողներին։
Ըստ ամենայնի՝ ադրբեջանցիները նաև հստակ իմացել են, թե քաղաքում որտեղ են տեղակայված հայկական ուժերը, այդ մասին են վկայում նախիջևանյան հատուկ ջոկատայինների ղեկավար Թեհրան Մանսիմովի, ինչպես նաև ադրբեջանցի մի քանի հատուկ ջոկատայինների պատմությունները, որոնց հրամանատարությունը տվել է հստակ կոորդինատներ Շուշիում դիրքավորվելու համար՝ նշելով, որ դրանցից շեղումը կնշանակի ֆիզիկական ոչնչացում։
Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի գիշերը թեև քիչ քանակով, սակայն քաղաքում ադրբեջանական ուժեր կային. «Նախկին զինկոմիսարիատի շենքի մոտ, Վազգեն Սարգսյանի արձանի մոտից արդեն կրակոցներ էին»։
Պատերազմի ժամանակ պահեստազորի սպա, Շուշիի մարտերին մասնակցած Արսեն Հարությունյանը ՍիվիլՆեթին պատմել է, որ նոյեմբերի 4-ից առաջին խումբը արդեն մտել է Շուշի. «Բայց ավելի շատը ամսի 6-ից նոյեմբերի 7-ի գիշերն են քաղաք մտել»։
Այսպիսով՝ ադրբեջանական ուժերը փոքր խմբերով մտել են Շուշի՝ սպասելով հիմնական հարձակման։ Այդ ընթացքում երկու խոշոր ստորաբաժանումներ․ մեկը Քարին տակի հատվածից բարձրացել է ենթակայանի դիմաց ու շարժվել դեպի Շուշիի խաչմերուկ, ինչպես նաև Ղազանչեցոց փողոցով մտել քաղաք, իսկ մյուսը դեպի Լիսագոր անտառային հատվածներից դուրս է եկել ճանապարհի վրա։ Երբ բոլոր խմբերը զբաղեցրել են իրենց դիրքերը կամ դուրս եկել իրենց համար նպաստավոր բարձունքներ, սկսվել է նոյեմբերի 6-ի հարձակումը։
Նոյեմբերի 6․ ադրբեջանական հիմնական հարձակումը Շուշիի վրա
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Շուշիի վրա հիմնական հարձակումը սկսվել է նոյեմբերի 6-ին, դրան մասնակցել են Բաքվի հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաև Նախիջևանի հատուկջոկատայինները։ Մանրամասները 2021-ի հունվարին նախիջևանյան հեռուստաընկերություններից մեկին հայտնել է ադրբեջանցի գնդապետ, նախիջևանյան հատուկ ջոկատայինների ղեկավար Թեհրան Մանսիմովը։ Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 7-ին, երբ Շուշին արդեն հակառակորդի վերահսկողույթան տակ էր, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պնդում էր, թե Մանսիմովը սպանվել է։ Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մանսիմովը հայտնել է, որ Շուշիի մերձակայքում մարտերը չափազանց կատաղի էին, ընդ որում՝ դրանք «ինքնաձիգի կռիվներ էին»։
Նախիջևանյան գումարտակը կազմված էր շուրջ 400 անդամներից։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ առաջինը Շուշի հենց նրանք են մտել․ չի բացառվում, որ դա քարոզչական նպատակներ է հետապնդել, քանի որ նրանցից առաջ քաղաքի վրա մի քանի անգամ գերազանցող ուժեր են հարձակվել։
Նոյեմբերի 6-ին ադրբեջանական ուժերին հաջողվել է ճեղքել բնագիծն ու մուտք գործել Շուշի։ Ադրբեջանցիները Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել նոյեմբերի 7-ին։
Պահեստազորի սպա Արսեն Հարությունյանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին «Շուշիում հայկական զորք չի եղել»։
«Քաղաքում զորք չի եղել։ Շուշիի վերջնամասում է զորք եղել, Քարին տակի խաչմերուկը, որ կա, մեկ էլ ճանապարհի ձախ կողմն ու ճանապարհի աջ կողմի բլրի վրա»,- ասել է Հարությունյանը։
Հակահարձակման անհաջող փորձերը
Նոյեմբերի 7-ի կեսօրից հետո հայկական կողմը հակահարձակման է անցել։ Այս մասին պատմել են մեր զրուցակիցները, իսկ ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ արձանագրվել է հայկական ուժերի երեք խոշորածավալ հակահարձակում։ Հայաստանի պաշտոնական աղբյուրները նշում էին, թե այդպիսի հակահարձակումներ եղել են նաև նոյեմբերի 8-ին ու 9-ին, սակայն մեր զրուցակիցները այդ տեղեկությունները չեն հաստատում։ Օրերս տարբեր տեսանյութեր հայտնվեցին սոցիալական ցանցերում, ըստ հայ օգտատերերի՝ դրանք իրականացվել են նոյեմբերի 6-7-ին։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է Շուշին հայկական ուժերի կողմից անկանոն հրթիռակոծվում՝ թիրախում քաղաքի ստորին հատվածներն են՝ ժայռոտ մասերը, մեկ այլ տեսանյութից պարզ է դառնում, որ հայկական ուժերը Շուշիի ուղղությամբ օգտագործել են ՏՕՍ-1Ա «Բուրատինո» համալիր։ Գրեթե բոլոր զրուցակիցները պնդում են, թե հայկական ուժերը երբեմն անկանոն կրակ են բացել քաղաքի վրա, ինչպես երևում է տեսանյութերից մեկում, դրա արդյունքում խոցվել են նաև քաղաքի մաքրմանը մասնակցող հայկական ստորաբաժանումները։
Նոյեմբերի 7-ի հակահարձակման մասնակիցներից մեկը Գեղարքունքի մարզից պայմանագրային զինծառայող Գնել Աղաջանյանն է, որը զոհվել է Շուշիում։ Նրա ծնողները ՍիվիլՆեթին պատմել են, որ Աղաջանյանը տուն է եկել նոյեմբերի 6-ին և հայտնել, որ նույն օրը երեկոյան գնալու է Շուշի։ Նոյեմբերի 7-ին Գնել Աղաջանյանն իր վաշտի զինծառայողների հետ մտել է քաղաք, ծնողներին Գնելի մարտական ընկերները փոխանցել են, թե «ոչ մեկ չի պատկերացրել, որ քաղաքում ադրբեջանցիներն են»։
«Մոտ 1 000 հոգի քաղաքի մեջ է եղել, մինչև 3 000-ն էլ՝ քաղաքից ներքև»,- Գնելի ծնողներին ասել են նրա մարտական ընկերները։ Նրանցից երկուսը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել են այդ տեղեկությունը՝ ցանկանալով անանուն մնալ։
Պատերազմի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ նոյեմբերի 7-ին Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ չէր. «Նոյեմբերի 7-ին մենք գրեթե լիովին կորցրած էինք Շուշին, հետո 8-ին մենք վերադարձրել ենք քաղաք, 9-ին նորից կորցրել ենք»,- նշել է Հովհաննիսյանը։
Նոյեմբերին քաղաքում է եղել քաղաքացիական անձ՝ Արսեն Առուստամյանը, որը Շուշիի տեղահանված բնակիչներից է։ Նա ՍիվիլՆեթին պատմել է, որ նոյեմբերի 8-ին թաքստոցից դուրս է եկել ու գերեվարվել ադրբեջանցիների կողմից, երկու օր նրան պահել են, ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ արձակել։
ՍիվիլՆեթի հետ մասնավոր զրույցում երեք տասնյակի հասնող զինծառայողներ ու կամավորներ, որոնք մասնակցել են Շուշիի մարտերին, հաստատել են տեղեկությունը, թե նոյեմբերի 7-ին Շուշին դուրս է եղել հայկական ուժերի վերահսկողությունից։ Նրանց խոսքով՝ նոյեմբերի 7-ից հետո հայկական ուժերը չեն կարողացել վերադարձնել Շուշին։ Ըստ մեր զրուցակիցների՝ Շուշիի գրավումից հետո այնտեղ մնացել են հայկական որոշ փոքրաքանակ խմբեր՝ քաղաքի տարբեր հատվածներում, ոմանք՝ թաքնված։
«Բարդակ էր»
Մեր զրուցակիցները նաև պատմել են Շուշիում տիրող անորոշության ու խուճապի մասին, իսկ մարտական գործողությունների կանոնակարգմանը տալիս էին մի որակում՝ «բարդակ էր»։ Շուշիի մարտերին մասնակցում էին տարբեր զորամասերի զինծառայողներ, համակարգվածություն չի եղել ու պաշտպանական ուղղություններն իրար հետ կապի դուրս չեն եկել, որոշ տեղեկություններով՝ պատահել են դեպքեր, երբ հայկական ուժերը խոցել են յուրայիններին։
Հայկական ուժերը նոյեմբերի 8-ին ցանկացել են Բերձորից մոտենալ ու տարբեր ուղղություններով շրջափակել Շուշիում ու քաղաքի մերձակայքում գտնվող ադրբեջանական ուժերին՝ փակելով նաև վերոնշյալ ենթակայանի մոտի ճանապարհը ու կասեցնել Քարին տակից ադրբեջանցիների շարժը։ Այս գործողությունը պետք է ավարտվեր նոյեմբերի 9-ին, սակայն նույն օրը, ինչպես մեզ հայտնում են տարբեր զինվորականներ, այդ թվում՝ պահեստազորայիններ, «քար լռություն էր» տիրում, ավելի ուշ նրանք տեղեկացել են, որ պատերազմն ավարտվել է։ Այս մասին վկայում է նաև Շուշիի նախկին քաղաքապետը. «Հիմա էլ ասում են, որ նոյեմբերի 7-ին մերոնք նախապատրաստվել են, որ 8-ին հակահարձակում իրականացնել, բայց դա չի եղել»,- ասել է Արծվիկ Սարգսյանը։
Շուշիի մարտերի ժամանակ զոհվել է նաև ոստիկանության զորքերի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանը, որն ի դեպ, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եղբայրն է։ Մարտական գործողությունների, մասնավորապես Արմեն Վարդանյանի սխրանքների մասին ոստիկանության պատրաստած տեսանյութից տեղեկանում ենք, որ նրա զինակիցները նոյեմբերի 4-ին Քարին տակի ուղղությամբ մասնակցել են պաշտպանական մարտերին, մարտերը թեժացել են նոյեմբերի 5-ին, ու ոստիկանական զորքերը գնալով հայտնվել են հակառակորդի շրջափակման մեջ։ Մարտերին մասնակցած ոստիկաններից մեկն էլ նշել է, որ նոյեմբերի 7-ին Արմեն Վարդանյանը փոխանցել է, որ շրջափակման մեջ են հայտնվել ու պետք է նահանջել, նույն օրը ականանետի կրակոցից նա զոհվել է, իսկ ոստիկանական ուժերը սկսել են նահանջել։ Ոստիկանական զորքերին այդ օրերին տեսանկարահանել են նաև ռուս լրագրողները:
Եզրահանգում
Այսպիսով՝ Շուշիի մարտերը սկզբում ընթացել են հաջող, նոյեմբերի 4-ին հայկական ուժերին հաջողվել է հետ մղել ադրբեջանական որոշ խմբերի, սակայն ադրբեջանցիներն իրենց հերթին նոյեմբերի 5-ին և 6-ին վաղ առավոտյան շրջանցել են հայկական ուժերին ու մտել քաղաք՝ հայտնվել թիկունքում ու սպասել հիմնական հարձակմանը։ Նոյեմբերի 6-ին հակառակորդը կենտրոնացրել է ուժերն ու տարբեր ուղղություններով (երկու հիմնական ուղղությունից և քաղաքում փոքր խմբերով տարբեր հատվածներից) անցել է հարձակման։ Նրանց հաջողվել է նոյեմբերի 7-ին վերահսկողություն հաստատել քաղաքում։
Հայկական ուժերը նույն օրը մի քանի հակահարձակման փորձեր են կատարել, որոնք տապալվել են։ Հետագայում ծրագրվել է ևս մեկ կամ մի քանի հակահարձակում, սակայն դրանք կա՛մ կասեցվել են, կա՛մ էլ լայնամասշտաբ չեն եղել։
ՍիվիլՆեթի տեղեկությամբ նոյեմբերի 9 (10-ի) պատերազմը դադարեցնելու շուրջ եռակողմ հայտարարությունը՝ ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև, բանակցային սեղանին է հայտնվել հենց նոյեմբերի 7-ից, այսինքն՝ այն ժամանակ, երբ հայկական կողմը հասկացավ, որ Շուշին ընկել է, իսկ հակահարձակման փորձերը՝ տապալվել։
Ուշագրավ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը. նոյեմբերի 8-ին՝ վաղ առավոտյան, նա իր Ֆեյսբուքյան էջում գրեց. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:
Ինչ էին պաշտոնապես ասում Շուշիի անկման մասին
Պաշտոնական լրահոսը Շուշիի անկման օրերին քաոտիկ էր, դա առավել ցայտուն դարձավ նոյեմբերի 9-ին, երբ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե Շուշին հայկական վերահսկողությունց դուրս է, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, իսկ Ազգային ժողովի իշխանական պատգամավորները սկսեցին վստահեցնել, թե «նոր են ճշտել՝ Շուշին մեր վերահսկողության տակ է»։
Նոյեմբերի 4-7-ը պաշտոնական լրահոսը հանդես էր գալիս իրարամերժ տեղեկություններով։
Նոյեմբերի 5-ին հայտնում էին, թե «Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով, իսկ Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է»։ ՊՆ-ն պնդում էր, թե նույն վիճակն է. նոյեմբերի 6-ին «հակառակորդը ոչնչացվել է ու առաջխաղացում չի ունեցել»։
Մինչդեռ հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասում էր, որ «հակառակորդը մեծ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշին գրավելու իր պլանները»։
Այդպես շարունակ նոյեմբերի 8-ին ու 9-ին հայտարարվում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Պաշտոնյաները, նախկին զինվորականները՝ Շուշիի անկման մասին
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկում է Շուշիի անկման պատճառները փնտրել ակունքներում, այսինքն՝ հայկական ուժերի կողմից քաղաքի ազատագրման պատմությունում։
«Այս անգամ նույնն արել է հակառակորդը, օղակում է պահել հայկական ուժերին»,- ասել է Բաբայանը։
Շուշիի պաշտպանության մարտերում հրամանատարական կետին է աջակցել պաշտպանության նախկին նախարար, ներկայում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա մանրամասնել է, որ քաղաքը լքել է նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան՝ 05։30-ին։
«Հրամանատարական կետի անձնակազմը հայտնվել էր մի քանի կողմերով շրջափակման մեջ»,- ասել է Օհանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Շուշիի անկմանը, 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրություններին նա մեղադրում էր ընդդիմությանը: «Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են՝ կանչեք նրանց, հարցրեք․ Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետը նրանց թիմում է, թող կանգնի, ասի, թե ով ա Շուշին հանձնել»,- հունիսի 10-ին ասում էր Փաշինյանը։
Ինչու էր պատերազմի ժամանակ «օդը բաց»
Արցախյան պատերազմի մասնակից Արկադի Կարապետյանը (Ագո) մեջբերում է ռուսական հայտնի ասացվածքը՝ «թնդանոթով ճնճղուկ սպանել»։
«Այն ՀՕՊ համակարգը, որ մենք ունեինք, նախատեսված էր հիմնականում ուղղաթիռ կամ ինքնաթիռ գցելու համար, ոչ թե ԱԹՍ, թեև ԱԹՍ էլ են խփում, սակայն քանակի հարց կա և այլն»,- ասում է նա։
Արցախյան առաջին պատերազմում Շուշիի ազատագրման ժամանակ ուղղություններից մեկը ղեկավարած Կարապետյանը հիշում է՝ այն ժամանակ կար գաղափարախոսություն. «Շուշիի մարտերին մարդիկ մասնակցում էին առանց զենք, «ավտոմատով» մարդ կար գրոհում էր, հետևից մեկ այլ անձ գնում էր առանց զենք, որ եթե հանկարծ այսպես ասած «ավտոմատն ազատվի», ինքը վերցնի ու շարունակի։ Ոգին տարբեր էր, բացի դրանից, շատ համախմբված էինք։ Նույնիսկ եթե ճիշտ չկառավարվեր, բան չէր փոխվի, քանի որ ջոկատներն իրար լավ էին հասկանում»։
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար առ այսօր անհասկանալի է, թե ինչու են գաղտնի պահվում 2020-ի Շուշիի մարտերը ղեկավարող հրամանատարների անունները։
«Որպես կանոն որևէ ուղղությամբ գործողություն իրականացնելու ժամանակ հրամաններով ֆիքսվում է, թե ինչ խնդիրներ են դրված ու ով է եղել պատասխանատուն»,- ասում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 20-ից արդեն պարզ էր, որ ադրբեջանական ուժերը նպատակադրված են գրոհել հենց Շուշիի վրա։
Շուշիի ազատագրումը 1992-ի մայիսի 8-9-ին
Ինչպես Արցախյան երկրորդ, այնպես էլ առաջին պատերազմի համար Շուշի քաղաքի գործողությունների հաջողությունը բեկումնային եղավ՝ քաղաքն իր վերահսկողության տակ վերցրած կողմի համար։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի ազատագրումն իրականացվել է 1992-ի մայիսի 8-9-ին՝ չորս ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2։30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Հայաստանյան կամավորական ջոկատների ազատամարտիկներից կազմված հարձակողական-գրոհային խմբերը, ռեակտիվ հրետանավորները և այլ ուժեր հյուսիսային, Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային-գլխավոր), Ջանհասան-Քյոսալարի ուղղություններով սկսկել են հարձակումները։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։
Հյուսիսային ուղղության ընդհանուր հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, այն կոչվում էր նաև «26»-ի ուղղություն։ Այս ուղղությամբ ուժերը գրոհը սկսել են Ստեփանակերտ-Շուշի մայրուղով՝ նրա աջ ու ձախ եզրերով։ Որոշակի անհաջողություններից հետո գրոհող ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել ճանապարհի վրա իշխող բարձունքների վրա՝ մոտենալ քաղաքի մատույցներում գտնվող բենզալցակայանին։
Շոշի (արևելյան) ուղղությամբ գործողությունները սկսվել են մայիսի լույս 8-ի գիշերը։ Երեք ուղղություններով հարվածային ուժերն անցել են առաջխաղացման։ Ընդհանուր հրամանատարը Արկադի Կարապետյանն էր։
Լաչինչի (հարավային) ուղղությամբ նախ ինքնապաշտպանական ուժերը տիրել են Քրիս լեռան ստորոտում գտնվող հակառակորդի ռազմակայանին, այնուհետև մի քանի այլ խմբեր դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի։ Դաշնակցականների ջոկատները՝ Ժ. Սեֆիլյանի և Վ. Բալայանի հրամանատարությամբ, նպատակադրվել էին շրջանցել Շուշին ու Զառսլուն և հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին։ Նրանց դա չի հաջողվել, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակա բարձունքներին նրանց տեղակայվելը հնարավորություն է տվել օղակի մեջ վերցնել հակառակորդին։
Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղությամբ հարձակում սկսած ուժերը երկու նպատակ ունեին՝ կանխել և ստեղծել խուճապային դրություն, շեղել հակառակորդի ուշադրությունը՝ ապահովելով Շուշիի վրա հյուսիսից հարձակվող ուժերի թիկունքը։
Եվ ամենավերջում
Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնաս, հաճախ նաև Շոշի բերդ… Ուշ միջնադարյան աղբյուրները այսպես են անվանել Շուշի քաղաքը, քանի որ այն դեռևս վաղ անցյալում ամրոց-բնակատեղի էր։ Հայերը Շուշին համարում են «անառիկ բերդաքաղաք»։ Պատմությունը տարբեր էջեր ունի, որոնք ապացուցում են այդ պնդումը։ 1725-ին Շուշիի վրա հարձակված 40-հազարանոց թուրքական զորքը 8-օրյա մարտերից հետո փախուստի է դիմել։ 1795-ին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել կոտրել բերդի պաշտպանների դիմադրությունը։
Շուշիի պատմությունը չի սկսվել ու բնականաբար չի ավարտվում 2020-ի պատերազմով։ «Մեծ ժայռի գլխին» ծվարած այս փոքր քաղաքը սկզբում քոչվորական ցեղերի, հետո թուրքական ուժերի, այնուհետև պարսկական զորաբանակի, ապա ռուս-պարսկական, ու վերջում հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմում է եղել։ Իր գոյության տարիներին Շուշիի համար պարբերաբար մարտեր են ընթացել, քաղաքը եղել է տարածաշրջանում այդ ժամանակ տարբեր «դերակատարների» վերասկողության տակ։
Շուշիի դասը, թերևս, մեկն է՝ չթերագնահատել հակառակորդին ու լինել նրանից կազմակերպված, ինչը մեզ այս անգամ չհաջողվեց։
Գևորգ Թոսունյան, Երևան
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ