Արշակ Կարապետյանն այցելել է Արցախ

Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

«Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականն ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է: Բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով»,- ասված է հաղորդագրությունում։

Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Արշակ Կարապետյանը՝ մինչ նոյեմբերի 6-ը, նորից այցելել էր Արցախ, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի տրվել։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի մեկնել Արցախ, մինչդեռ նախքան այդ առնվազն 12 նմանաբնույթ այց է ունեցել։

Մեկնաբանել