Կառավարությունն ալմաստի ձեռքբերման միջնորդ ընկերություն է հիմնում

Կառավարությունը նոր պետական առևտրային ընկերություն է հիմնում՝ «Հայ-Ալմաստ» անունով։ Հարցը կառավարության դեկտեմբերի 9-ի նիստի օրակարգում է։

Ըստ որոշման հիմնավորման՝ «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն ադամանդագործության հումք հանդիսացող ալմաստի ձեռք բերման միջնորդ է դառնալու ռուսական «Ալռոսա» ընկերության ու հայաստանյան արտադրողների միջև. «Ընկերությունները հայտեր են ներկայացնում նոր ստեղծվող ընկերությանը, որի հիման վրա վերջինս, ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ, կազմակերպում է հումքի զննում «Ալռոսա» ընկերությունում։ Զննումից հետո հումքի գնման, հաստատման և պայմանագիր ստորագրելու հավաստիացման դեպքում շահառու ադամանդագործական ընկերությունները հումքի արժեքի գումարը վճարում են «Հայ-Ալմաստ» ընկերությանը։ «Ալռոսա» ընկերության կողմից սահմանված ժամկետում «Հայ-Ալմաստ» ընկերությունը վճարում է գնված հումքի գումարը և ստացված հումքը նույն օրը վաճառվում է հայտատու ընկերություններին՝ ըստ ներկայացված հայտերի»,-նշված է որոշման հիմնավորումներում։ Պետական ձեռնարկությունը միջնորդական այս գործունեության համար միջնորդավճար է ստանալու։

Իսկ ինչո՞ւ ադամանդագործական ընկերությունները չեն կարող առանց միջնորդի հումքի ձեռքբերում իրականացնել «Ալռոսա»-ի հետ. կառավարությունը բացատրում է, որ ռուսական ընկերությունը հումք վաճառում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, իսկ հայկական ընկերությունները «զրկված են «Ալռոսա» ընկերությունից արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից, քանի որ չեն համապատասխանում «Ալռոսա»-ի կողմից սահմանված չափանիշներին»։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ընկերությունները եթե պայմանագրեր կնքեն ռուսական «Ալռոսա»-ի հետ, պիտի պարտավորվեն ամեն ամիս սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել, իսկ կոնսոլիդացված առաջարկը այս խոչընդոտը կվերացնի։

«Հայ-Ալմաստ»-ի կանոնադրական կապիտալը կազմելու է 50 միլիոն դրամ, իսկ բաժնետոմսերը կառավարելու է էկոնոմիկայի նախարարությունը։ «Հայ-Ալմաստ»-ի խորհրդում ընդգրկվելու են նաև ադամանդագործական ձեռնարկությունների ղեկավարներ։

Մեկնաբանել