Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է

Դատարանի որոշմամբ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Դեկտեմբերի 15-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

2021-ի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (ավագանու մանդատների 45 %):

«Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում, բնականաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։ Այսօր, սակայն, ընտրություններում 1 313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան, բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։ Մինչ այդ իրականացված վերահաշվարկի արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ ներկայացված հայցը չունի որևէ իրավական հեռանկար։ Հայցի միակ արդյունքը ավագանու նիստը մեկ շաբաթ ժամանակով հետաձգել է։ Տարօրինակ զուգադիպությամբ, կրկին այսօր (դեկտեմբերի 15-ին – խմբ), ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը»,- հայտարարել էին Վանաձորի քաղաքապետի պաշտպանները։